3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականների ղեկավարները մայիսի 12-ին մի շարք խորհրդակցություններ կանցկացնեն կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի միակ թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպումները տեղի կունենան «միմյանցից անջատ՝ փրայմերիզներից հետո, որոնք մայիսի 10-ին կկայանան ԱՄՆ-ի Նեբրասկայի եւ Արեւմտյան Վիրջինիայի նահանգներում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Politico թերթը:
Կոնգրեսում թերթի աղբյուրների համաձայն՝ առաջինը Թրամփի հետ պլանավորում է հանդիպել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելը: Նա անցած շաբաթ խիստ զգուշավոր արտահայտություններով աջակցություն է հայտնել միլիարդատիրոջ թեկնածությանը: Դրա հետ մեկտեղ Մակքոնելն ընդգծել է, որ մագնատը պետք է առաջատար դեր խաղա հանրապետականների շարքերում միասնության պահպանմանն ուղղված ջանքերում:
Ըստ հրատարակության տեղեկությունների՝ նաեւ համաձայնեցվում է Թրամփի հանդիպումը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ: Ինչպես ավելի վաղ ընդգծել է խոսնակի մամուլի ծառայությունը, խորհրդակցության նպատակը «հանրապետական այնպիսի սկզբունքների ու գաղափարների շուրջ քննարկում սկսելն է, որոնք կարող են ամերիկյան ժողովրդի աջակցությունը ստանալ նոյեմբերին»:
Պլանավորված խորհրդակցություններին կմասնակցեն Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբեսը եւ Ներկայացուցիչների պալատի հանգուցային անդամները:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կկարողանա Սպիտակ տան ղեկավար դառնալ նաեւ առանց հանրապետականների աջակցության:
Թրամփն այն կարծիքին է, որ Հանրապետական կուսակցության ղեկավարության շարքերի պառակտումը, որն առայժմ պատրաստ չէ միասնաբար պաշտպանել գործարարի թեկնածությունը, չի կարողանա խանգարել իրեն վերջնական հաղթանակ տանելու հարցում: «Ավելի լավ կլիներ, եթե կուսակցությունը համախմբվեր, սակայն չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է»,- ասել է միլիարդատերը:
Թրամփի կարծիքով՝ ինքն ապահովել է շարքային ամերիկացիների լուրջ աջակցությունը, քանի որ «ինքը բնավ նման չէ որեւէ մեկին, ով երբեւիցե առաջադրվել է նախագահի թեկնածու»:
Դրա հետ մեկտեղ հանրապետականը նշել է, որ իր շտաբն աշխատում է իր կողմը գրավել նաեւ այն քաղաքացիներին, ովքեր ներկայում նախապատվությունը տալիս են Դեմոկրատական կուսակցությանը: «Ես կստանամ միլիոնավոր դեմոկրատ ընտրողների ձայները»,- վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP