Տարածաշրջանային

Ալիեւն ու Էրդողանը ԶԼՄ-ների թշնամի-առաջնորդների ցուցակում են

2 րոպեի ընթերցում

Ալիեւն ու Էրդողանը ԶԼՄ-ների թշնամի-առաջնորդների ցուցակում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը «Մեծ տարի գրաքննության համար» հեգնական արշավ է սկսել, որտեղ 12 երկրների առաջնորդների թվում, որոնք «ԶԼՄ-ների նկատմամբ հաղթանակ են տոնում», նշված են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կազմակերպության կայքը, Ադրբեջանի հարցում «Լրագրողներն առանց սահմաններին»-ն նշում է, որ այդ երկրում 7 լրագրողներ գտնվում են բանտում, իսկ անկախ հեռուստաալիքներ ընդհանրապես չկան: Բազմաթիվ անկախ լրագրողներ գտնվում են վտարանդիության մեջ, երկրում մնացածների դեմ հարձակումներ են իրագործվում: Ավելին` շեշտվում է, որ ճնշումների են ենթարկվում ոչ միայն լրագրողները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամները:

Կազմակերպությունը նշում է, որ Թուրքիայում հազարից ավելի դատական գործեր են ընթանում «նախագահին վիրավորելու մասին». 100-ից ավելի լրագրողներ գտնվում են կալանավայրերում, իսկ հրատարակությունների խմբագրություններում ոստիկանական արշավներ են անցկացվում: Բացի այդ, լրագրողներին աշխատանքից ազատում են «թվիթ»-ների համար, իսկ մի շարք արտասահմանյան լրագրողների արգելված է երկիր մուտքը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին զուգահեռ կազմակերպությունն իր հեգնական արշավն ուղղել է նաեւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի, Էրիթրեիայի առաջին նախագահ Իսայասա Աֆավերքի, Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ Հալիլ Աս-Սիսիի, Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչայի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, Իրանի գերագույն ղեկավար այաթոլլահ Սեյիդ Ալի Հոսեյնի Խամենեիի, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, Բուրունդուի նախագահ Պիեր Նկուրունզիզայի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի դեմ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում