Տարածաշրջանային

«Բարին էլ դա է». Էրդողանը մեկնաբանել է Դավութօղլուի հեռանալը վարչապետի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

«Բարին էլ դա է». Էրդողանը մեկնաբանել է Դավութօղլուի հեռանալը վարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:«Դա վարչապետի որոշումն է: Բարին էլ դա է»,- ասել է նա:

Ինքը` Դավութօղլուն, խոսելով կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, ասել է. «Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում: Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել: Պաշտոններից և ոչ մեկը ես չեմ խնդրել: Երևբէ դրանց համար քարոզչություն չեմ արել կամ այդ հարցով չեմ դիմել: Ամենաուժեղ մարդը նա է, ով խաղաղ է ինքն իր հետ: Երբեք չեմ պաշտպանել որևէ բան, որին չեմ հավատացել: Հետքայլ չեմ արել նրանից, ինչին հավատացել եմ»:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից:Այս մասին Դավութօղլուն հայտնել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Դավութօղլուն հայտարարել է նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր:

Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:

Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում