Մշակույթ

25 տարվա աշխատանքի արդյունքը` ֆիլմի տեսքով. Հարություն Խաչատրյանը ներկայացրեց «Փակուղի» ֆիլմը

4 րոպեի ընթերցում

 25 տարվա աշխատանքի արդյունքը` ֆիլմի տեսքով. Հարություն Խաչատրյանը ներկայացրեց «Փակուղի» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմություն հայ ավտոմեխանիկի մասին, ով շահում է «Գրին քարտ» և նրա կյանքն ամբողջությամբ փոխվում է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր` «Փակուղի» ֆիլմի կենտրոնում մարդն է, նրա խնդիրները, հուզող հարցերը:

«Ֆիլմը նկարահանվում է 25 տարի, ի սկզբանե հեռուստատեսության համար էր նախատեսված, և չէինք մտածում, որ արտասահմանին կհետաքրքիր: Ուզում էինք, որ մարդիկ, ովքեր գնում են արտասահման, դիտեն ֆիլմը և մտածեն` ճի՞շտ են անում, թե՞ ոչ: Այսպիսի ֆիլմեր նկարահանելու համար շատ մեծ համբերություն է պետք: Այն երկար է նկարահանվել:Սա ինձ համար այնպիսի ֆիլմ չէ, որ հպարտանամ տարբեր երկրներում ցուցադրություններով: Այն նկարահանված էր հայերի համար, որպեսզի ազդի մարդկանց վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի հայաստանյան ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Հարություն Խաչատրյանը:

Ռեժիսորի խոսքով`«Փակուղի»- ն հեռուստատեսային ֆիլմ նկարահանելու իր երկրորդ փորձն է, և այն արդեն իսկ ցուցադրվել է Շվեյցարիայում, Իրանում: Շուտով «Փակուղի»-ն կներկայացվի նաև ԱՄՆ-ում:

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ անժամանակ հեռանում են Հայաստանից, հեռանում են վիրավորված: Ֆիլմը կմնա 10-15 տարի, և հետո կերևա` պե՞տք էր, թե՞ ոչ: Այն անհանգստանալու առիթ կհանդիսանա, կստիպի մարդկանց մտածել»,-շեշտեց Հարություն Խաչատրյանը`հավելելով, որ իր հերոսը` Լևոնը, անկեղծ մարդ է, ով ամբողջությամբ անկեղծացել է ֆիլմում, պատմել այն, ինչ անհանգստացնում է իրեն:

«Փակուղի» (Deadlock) ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 19-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմի ասիական պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին պատմություն է, որը 1990-ականների «Գրին քարտ» շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերությունների տարբեր հանգրվանները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է: Սցենարի հեղինակներն են Միքայել Ստամբոլցյանը և Հարություն Խաչատրյանը:

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժականինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում