Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ որևէ կապ չունի. Օսկանյան

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ որևէ կապ չունի. Օսկանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ որևէ կապ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի 14 անդամները կդառնան կուսակցության անդամ, իսկ թե ով կգլխավորի կուսակցությունը, կորոշի համագումարը, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս կուսակցության հետ կապ չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օսկանյանը:

Օսկանյանի խոսքով՝ իրենք այդ կուսակցության ստեղծմամբ նոր մշակույթ են բերելու և կուսակցաշինության մեջ, և կուսակցության գործունեության մեջ էապես տարբերվելու են: «Մենք լինելու ենք բաց, լինելու ենք թափանցիկ, հնարավորություն ենք տալու յուրաքանչյուր անհատի, որ մաս կկազմի կուսակցությանը, յուրաքանչյուր երիտասարդի հնարավորություն ենք տալու իրեն դրսևորել կուսակցության մեջ, ապահովելու ենք նաև սերնդափոխություն: Մենք համարձակորեն խոսելու ենք այսօր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրների մասին, թերությունների, մասին, ձախողումների մասին և կոնկրետ լուծումներ ենք առաջարկելու»,- ասաց նա:

Պատգամավորը վստահեցնում է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենք փորձելու են ներկայանալ որպես առանցքային քաղաքական բևեռ և ընտրությունների օրերին հանդիսանալ ժողովրդի հասարակության համար իսկական այլընտրանք իշխող քաղաքական ուժին:

Նրա խոսքով՝ կուսակցությանը ֆինանսական աջակցության համար լայն շրջանակների են ներգրավելու: Վարդան Օսկանյանը դիմելու է գործարարների, ուսանողների, տարբեր շրջանակների և փորձելու է հասարակությանը ներգրավել քաղաքական գործընթացներում: Վարդան Օսկանյանին դուր չեկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաի հրաժարականը պահանջելու մասին հարցը: «Լավ էլի, ուրիշ հարց չունե՞ք: Օդից ի՞նչ պահանջենք հիմա: Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել: Երբեք ես իմ կյանքում դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում