Հայոց ցեղասպանություն

Թուրք ժխտողականների քարոզչական արշավը Լոս Անջելեսում անհաջողության է մատնվել

2 րոպեի ընթերցում

Թուրք ժխտողականների քարոզչական արշավը Լոս Անջելեսում անհաջողության է մատնվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական խորհուրդը հայտնում է, որ ապրիլի 22-ին Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» շրջանում թուրք ժխտողականները փորձել են քարոզչական քայլեր ձեռնարկել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ժխտողականները իրենց “Fact Check Armenia” կայքի հղումներով պաստառներ են փակցրել տեղանքում:

Խորհրդի ներկայացուցիչներից մի կին փորձել է պաստառներից մեկը պոկել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի պատից, սակայն այդ պահին նրան մոտեցել են երկու տղամարդ և մի կին և կոչ արել չպոկել պաստառը՝ ասելով, թե իբր աշխատում են Հայաստանի կառավարության համար և ցանկանում են հաշտեցման հասնել հայ և թուրք ժողովուրդների միջև: Այդ անձինք, սակայն, որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել և չեն կարողացել պատասխանել Հայաստանին առնչվող տարրական հարցերի:

Այս գործողությունները խստորեն դատապարտել են Լոս Անջելեսից ընտրված օրենսդիրները: «Ժխտողականության քարոզն այն փողոցներում, որտեղ կիրակի տասնյակ հազարավոր քաղաքացիներ երթ են կազմակերպելու՝ վկայակոչելով Հայոց ցեղասանությունը, վիրավորական է: Քանի դեռ մենք բարձրացնում ենք ճշմարտության ձայնը, Թուրքիայի և իր դաշնակիցների ժխտողական արշավը երբեք հաջողության չի հասնի»,- նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ժխտողականների այս քայլերը դատապարտել են նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Մայք Գատտոն և Միչ Օ՛Ֆարելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում