Հայոց ցեղասպանություն

Գարո Փայլանը մեջլիսից պահանջել է հետաքննել 1915 թվականին հայ պատգամավորների սպանության հարցը

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը մեջլիսից պահանջել է հետաքննել 1915 թվականին հայ պատգամավորների սպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիս է ներկայացրել խնդրագիր` պահանաջելով հետաքննել 1915 թվականին հայ պատգամավորների սպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը հայտարարել է մեջլիսի ամբիոնից:

Հայերեն «Բարև»-ով ողջունելով բոլոր հավաքվածներին` Փայլանն իր ելույթը սկսել է 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության նկարագրությամբ: Նա նշել է, որ այդ տարիներին երկրում բնակվող 5 մարդուց մեկը հայ էր: Այդ տարիներին տեղի ունեցած ընտրություններում հայերը ևս ներկայացվածություն ձեռք բերեցին խորհրդարանում:

«1908-1915 թվականների ընթացքում մեջլիսի հայ պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Օհաննես Վարդգես Սերենգուլյանը, Նազարեթ Տաղավարյանը, Կարապետ Փաշայանը, Օնիկ Դերձակյանը, Ստեփան Չըրաջյանը. Համբարձում Բոյաջյանը 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ձերբակալվեցին և տարբեր ժամանակներում ու տարբեր տեղերում սպանվեցին: Մենք պահանջում ենք ուսումնասիրել, թե այս պատգամավորներն ինչպես և ում հրամանով են սպանվել, գտնել նրանց դիակները և հավուր պատշաճի հուղարկավորել»,- ասել է Փայլանը:

Նա մեջլիսի ամբիոնից հերթով ցույց է տվել Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայ պատգամավորների նկարներն ու արտաբերել նրանց անունները:

«Նրանք ժողովրդավարական քաղաքականությամբ պաշտպանում էին համատեղ ապրելու իրավունքը, սակայն նրանց ժողովրդավարական քաղաքականությանը դավաճանեցին: Մեր մեջլիսը, ի նշան հարգանքի այս պատգամավորների, պետք է հետաքննի նրանց ճակատագիրը»,- ասել է Փայլանը` խոսքը եզրափակելով հայերեն հետևյալ խոսքերով. «Աստված իրենց հոգին լուսավորի»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում