Մշակույթ

«Արմատներ».ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորագույն միջոցառումները միահյուսվել են սիրո պատմության հետ

3 րոպեի ընթերցում

«Արմատներ».ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորագույն միջոցառումները միահյուսվել են սիրո պատմության հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down խմբի երևանյան համերգից`մինչև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն: «Շարմ հոլդինգ»-ի նոր`«Արմատներ» ֆիլմն իր մեջ է ներառել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր կարևորագույն միջոցառումները: Ապրիլի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վահե Յանի կինոնկարի պրեմիերան:

«Երբ մենք նախապատրաստվում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ծագեց ֆիլմի ստեղծման գաղափարը: Սա այն գործն է, որ մենք ցանկացել ենք անել որպես հայեր: Ֆիլմը կոմերցիոն նպատակ չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը: Կինոնկարի ցուցադրությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքեցին արցախյան ազատամարտում զոհված զինվորների հիշատակը:

Ֆիլմի հերոս բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ:

Սիրո պատմությանը զուգահեռ ներակայացվում են 2015-ի կարևորագույն իրադարձությունները`Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցած և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անդամների այցը Հայաստան, System of a Down խմբի և 24/04 համաշխարհային նվագախմբի համերգները: Կինոնկարում խոսվում է անմոռուկի պատրաստման, նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, ապրիլի 24-ի նախօրեին կազմակերպված ջահերով երթի և այլ իրադարձությունների մասին:

Ֆիլմը նկարահանվել է Scripted Reality ժանրում. այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:

Կինոնկարի գլխավոր հերոսը ֆիլմում նշում է, որ ինքը սփյուռքահայ չէ.կա մեկ հասկացություն`այն է`հայը, և բոլոր հայերը միմյանց բարեկամ են:

««Շարմ հոլդինգը» շատ լավ ձևաչափ էր ընտրել ֆիլմի համար: Այն կարևոր ասելիքը, շեշտադրումները, որ պետք է աներ, ֆիլմն արեց: Այս պատմությունը շատ մարդկային էր, իրական. երևի թե մի այդպիսի պատմություն իրականում է եղել»,-ֆիլմի ցուցադրությունից հետո նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կինոնկարի դերերում հանդես են գալիս Անդրանիկ Բաբայանը, Մերի Մկրտչյանը, Ռոզի Ավետիսովան, Գրիգոր Բաղդասարյանը, Իշխան Ղարիբյանը և այլք: Սցենարի հեղինակը Կարինե Խոդիկյանն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում