Հասարակական

Զինծառայողների բուժումն արտեկրում կֆինանսավորի կառավարությունը

3 րոպեի ընթերցում

Զինծառայողների բուժումն արտեկրում կֆինանսավորի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունն ապրիլի 21-ի նիստում սահմանեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Դրանով՝ եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում:

«Առաջարկվել էր, որ Պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց փաստորեն, այս որոշումով կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ հիմնավորման՝ՀՀ առողջապահության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո15-օրյա ժամկետում Առողջապահության նախարարության,Պաշտպանության նախարարության,Ոստիկանության,ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների,ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատի դրա կազմն ու աշխատակարգը:

Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման (եթե հետվերականգնողական բուժումը հնարավոր չէ անցկացնելՀայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում), ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:

Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը, որը որոշվում է ՀՀ ուղևորատրանսպորտային փոխադրումներ իրականացնող առնվազն երեք կազմակերպությունից ստացված տեղեկատվության հիման վրա:

Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպության անունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ համապատասխան օտարեկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում