Հասարակական

Հանուն հայրենիքի զոհվածներն անմահություն են վաստակել. լուռ երթ ու մոմավառություն Երևանում

4 րոպեի ընթերցում

Հանուն հայրենիքի զոհվածներն անմահություն են վաստակել. լուռ երթ ու մոմավառություն Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանում հազարավոր քաղաքացիներ լուռ երթով, մոմերով ու ծաղիկներով հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը: Շահումյանի հրապարակից սկիզբ առած երթը շարունակվեց մինչև «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լուռ երթին մասնակցում էին տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտության մարդիկ, նրանց շարքում էին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները: Եռաբլուրում հավաքվածներն աղոթք հղեցին առ Աստված, հոգևորականները կատարեցին հոգեհանգստյան կարգ՝ անուն առ անուն հիշելով բոլոր զոհվածներին, որից հետո քաղաքացիներն ու զինվորականները ծաղիկներ դրեցին զինվորական պանթեոնում հանգչող հայորդիների շիրիմներին: Հոգևորականները հավաքվածներին կոչ արեցին վառված մոմերը տանել իրենց տներ, վառել դրանք ու աղոթել նրանց համար, ովքեր տվեցին իրենց կյանքը հանուն այլոց կյանքի:

Ջրվեժի Սբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, դիմելով երթի մասնակիցներին, ասաց, որ «Եռաբլուր» են եկել ոչ թե ողբալու, այլ հիշելու նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի, մեր ժողովրդի, սուրբ հավատքի համար: «Այս նահատակները, իրենց չեմ վարանում այդպես անվանել, անխտիր օրինակ են բոլորիս համար, թե ինչպես կարող է մի երիտասարդ, որ նոր-նոր է կյանք մտնում, հայրենիքը պաշտպանել և իր ժողովրդի հավատքը պաշտպանելու դուրս գալ` չվախենալով մահից: Ավետարանն ասում է` մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինը կարող են սպանել, այլ վախեցեք նրանից, ովքեր կարող են դրանից հետո ձեզ հավիտենական տանջանքների դատապարտել: Ուրեմն` մեր հայրերը, որ ձևակերպել են «մահ իմացյալ անմահություն է և անգիտակից մահը վախճան է», նշանակում է, որ այս նահատակների մահը գիտակցված մի մահ էր, հետևաբար հուսով ենք և համոզված ենք, որ նրանց անմահությունն է սպասում»,-նշեց քահանան:

Երթի նախաձեռնող խմբի անդամ Սևակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառումը հոգու պարտք է, որով մասնակիցներն արտահայտում են իրենց խոնարհումը բոլոր զոհերի առջև, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին խաղաղություն: «Ինձ շատ են հարցնում, թե ինչ կարելի է ասել այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց զավակներին, կարծում եմ՝ հերթական խոսքերը ոչինչ են, որոնք չեն արտահայտում մեր ցավը ու չեն կարող մեղմել այդ ընտանիքների վիշտը: Պետք է ուղղակի լուռ խոնարհվել նրանց առջև»,-ասաց Սևակ Հակոբյանը:

Մասնագիտությամբ սոցիոլոգ Արփինե Մաժինյանը երթին մասնակցում էր՝ ցույց տալու, որ անտարբեր չէ ու մասն է միասնականության, որ ցուցաբերում է հայ ժողովուրդը վտանգի պահին: «Հիմա Հայաստանի համար ծանր իրավիճակ է, ծանր օրեր են ու մարդիկ, ովքեր գտնվում են Երևանում՝ այսպես ասած՝ ֆիզիկապես անվտանգ պայմաններում, որոշակի մեղքի զգացում են ապրում անզորությունից: Այսպիսի երթեր կազմակերպելով և մասնակցելով՝ փորձում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չնայած նման արյունալի դեպքերին մարդիկ ոչ թե վախով են պատված, այլ բարձր մակարդակի հայրենասիրություն են դրսևորվում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում