Հատուկ նախագծեր

«Նոր գիրք» 3/7. «Սխալների կատակերգություն», «Երփներանգ շղարշը»

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք» 3/7. «Սխալների կատակերգություն», «Երփներանգ շղարշը»

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեցեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Դասական գրականություն

Ուիլյամ Շեքսպիր, «Սխալների կատակերգություն»

«Սխալների կատակերգության» այս հրատարակությունը հիմնված է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում տեղ գտած թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական շտկումներ: Առաջին անգամ է, որ կատակերգությունը ներկայացվում է պատշաճ ծանոթագրություններով հանդերձ: Անգելերենից թարգմանությունը՝ Խաչիկ Դաշտենցի, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և նոր ծանոթագրություններով: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Համաշխարհային գրականություն

Սոմերսեթ Մոըմ, «Երփներանգ շղարշը»

Վեպը քննարկում է Անգլիայի պատմության այն բեկումնային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրավունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից և նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ. հետևանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկներին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտիկիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ: Թարգմանությունն անգլերենից` Անահիտ Բաբայան-Զեյթունցյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում