ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը գոհ է երկկողմ հարաբերությունների մակարդակից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան գոհ է երկկողմ հարաբերություններից: Դեսպանը շեշտում է` երկու ժողովուրդները շատ լավ հարաբերություններ ունեն, ինչը ևս պակաս կարևոր չէ: Երկկողմ կապերը խորացնելու են նաև Հայաստանում արգենտինական մշակույթի նորաստեղծ կենտրոնը և նրա կազմակերպած միջոցառումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը պատմում է առաջիկա ծրագրերի և երկկողմ հարաբերությունների մասին:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-արգենտինական հարաբերությունները:

-Երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է առկա: Բավական լավ հարաբերություններ ունեն երկու երկրների ժողովուրդները: Տնտեսական հարաբերությունները լավ մակարդակի վրա են` հաշվի առնելով ներդրումային քաղաքականությունը: Բայց, որքան էլ գոհ եմ, մտածում եմ, որ մշտապես անելու, աշխատելու ժամանակ և տեղ պետք է լինի: Տնտեսական առումով հաջողություններ ունենք, իսկ ինչ վերաբերում է առևտրային ոլորտին` բավականին բարելավվել է, բայց դեռ անելիքներ կան:

-Կրթական ոլորտում ինչպիսի՞ն է համագործակցությունը: Լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մե՞ծ է:

-Նկատել եմ, որ իսպաներենի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Անցյալ տարի ԵՊՀ-ի Ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետում ներկա էի միջոցառման, և ուղղակի ապշած էի այն մեծ թվով մարդկանցից, ովքեր խոսում էին իսպաներեն: Անգամ սուպերմարկետում գանձապահը խոսում էր իսպաներեն, ինչը, բնականաբար, զարմացնում է: Ինչ վերաբերում է նրան` արդյոք կա հետաքրքրություն Արգենտինայում սովորելու առումով, նշեմ, որ այստեղ անելիքներ կան և աշխատանքներ պետք է տարվեն: Արգենտինայում կրթությունը լիովին անվճար է, իսկապես մեծ աշխատանք կա անելու, որպեսզի հետաքրքրությունը առավել մեծանա:

-Ի՞նչ ծրագրեր է առաջիկայում իրականացնելու Հայաստանում արգենտինական մշակույթի նորաստեղծ կենտրոնը:

-Կենտրոնն, այսպես ասած, բազմաֆունկցիոնալ է լինելու, որովհետև մշակութային տարբեր ուղղություններ է ներկայացնելու: Ապագայում պատրաստում ենք արգենտինական կինոնկարների քարոզչություն իրականացնել, պայմանագիր ենք կնքել արգենտինական կինոինստիտուտի հետ, որը հնարավորություն կտա կենտրոնում ցուցադրել արգենտինական ֆիլմեր: Մյուս կողմից` կենտրոնն ուղղված է լինելու սեմինարներ կազմակերպելուն, որոնք կանդրադառնան թե’ արգենտինական պատմությանը, թե’ հայ-արգենտինական երկկողմ հարաբերություններին: Կենտրոնի շնորհիվ դեսպանության միջոցով կկազմակերպվեն հանդիպումներ արգենտինահայերի հետ: Ապրիլին Նուռ ծրագրի հետ համագործակցության շրջանակում պատրաստում ենք անցկացնել Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին համակարգիչներ նվիրելու միջոցառում: Մշակույթի կենտրոնում լուրջ ծրագրեր են նախապատրաստվում. կազմակերպվելու է պոեզիային վերաբերող միջոցառում, և հավանաբար տարվա կեսերին` տանգոյի դասընթացներ:

Մշակույթի կենտրոնի միջոցով դեսպանությունը բաց է լինելու հայ հանրության, համալսարանների, կազմակերպությունների և բոլոր նրանց համար, ովքեր իրենց հետ աշխատելու ցանկություն ունեն: Սպասվում է նաև Առաջնորդների դպրոցի ուսանողների այցելություն դեսպանատուն: Նախատեսվում են այլ ծրագրեր ևս: Ինչ վերաբերում է դեսպանության միջոցառումներին, նշեմ, որ կարևորագույնը կլինի Արգենտինայի 200-ամյակի միջոցառումը` հուլիսի 9-ին, որի շրջանակում բավականին մեծ իրադարձություններ են նախատեսված և որոշակի անակնկալներ, որոնց մասին հայտնի կլինի հետագայում:

Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին: 1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 2009թ. մարտի 17-ին ԱՀ նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները հրամանագիր է ստորագրել Հայաստանում դեսպանության բացման վերաբերյալ: 2011թ. սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Սենատում, իսկ հոկտեմբերի 6-ին Պատգամավորների Պալատում ստեղծվել են Արգենտինա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբեր: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007թ.:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար