Տարածաշրջանային

Գարո Փայլանը Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման խնդրով հարցադիմում է ներկայացրել Դավութօղլուին

2 րոպեի ընթերցում

 Գարո Փայլանը Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման խնդրով հարցադիմում է ներկայացրել Դավութօղլուին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը հայտնել է, որ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ներկայացվել է հարցադիմում Դիարբեքիրի Սուր գավառում մի շարք տարածքների և կառույցների պետականացման մանրամասները ճշգրտելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը 9 կետից բաղկացած իրենց հարցադիմումը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

Վարչապետին, մասնավորապես, հարցրել են, թե ո՞րն է Սուր գավառում ընդհանուր 6300 հողակտորի «անհապաղ պետականացման» դրդապատճառը, այդ որոշման ներքո ի՞նչ կարգադրություններ են արվելու, ինչպե՞ս են պաշտպանվելու Սուրում բնակվող քաղաքացիների սեփականության իրավունքները:

Բացի այդ, Գարո Փայլանը և նրա կողմնակիցները ներկայացրած հարցադիմումում պահանջել են Դավութօղլուից հստակեցնել, թե արդյոք պետականացման որոշումն ազդելու է տեղի քրիստոնեական, ասորական և քաղդեական եկեղեցիների վրա:Միաժամանակ նրանք ցանկացել են հստակեցնել, թե ո՞ր չափանիշներով և օրենքներով են ընտրվել «ռիսկային տարածքները», որտեղ ազդելու է պետականցման մասին որոշումը և արդյոք դրանք հրապարակվելու են: Պատգամավորները հետաքրքրվել են նաև, թե արդյոք ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիներն ու սեփականությունը պետականացնելու մասին որոշումը չի հակասում օրենսդրությանը և Լոզանի համաձայնագրին:

Դիարբեքիրի Սուր գավառում թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողություններին զուգահեռ Թուրքիայի Նախարարների խորհուրդը Սուրի տարբեր թաղամասերում բազմաթիվ շենքերի ու տարածքների անհապաղ պետականացման մասին որոշում է կայացրել: Օտարման ենթարկված կառույցների թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Խորհրդի նույն որոշմամբ օտարման են ենթարկվում նաև Դիարբեքիրի ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում