Կարծիքներ

ՌԴ-ն վերահաստատեց Միջին Արևելքում առաջատար խաղացող լինելը. փորձագետներ

3 րոպեի ընթերցում

ՌԴ-ն վերահաստատեց Միջին Արևելքում առաջատար խաղացող լինելը. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վերահաստատեց այն, որ ինքը Միջին Արևելքի առաջատար խաղացողներից մեկն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` անդրադառնալով Սիրիայում Ռուսաստանի գործողություններին:

«Ռուսաստանը դարձավ առաջատար խաղացող, և դա ամենակարևոր ձեռքբերումն է իր համար: Արևմուտքին ճնշելով՝ նա կարողացավ հասնել նրան, որ հաշվի նստեն իր գոյության հետ: Ավելին` այսօրվա սիրիական գործընթացներն ուղեգծվում են ամերիկա-ռուսական բանակցությունների արդյունքում ձեռք բերված փաստաթղթի շրջանակում»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Արևելագետ Սուրեն Մանուկյանի խոսքով՝ ռուսների նպատակներն ու մտադրությունները գլոբալ առումով իրականացան: Ըստ նրա` ռուսական կողմի նպատակը սիրիական ժողովրդին օգնելը չէր: Պաշտոնական Մոսկվան ցանկանում էր նախ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերն ամրապնդել, ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկրի կայնությունն ամրապնդելու նպատակով և հող նախապատրաստել բանակցությունների համար:

«Իրենց առջև դրված խնդիրները, ըստ էության, լուծվեցին: Ասադի դիրքերն ամրապնդվեցին, Դամասկոսին, Լաթաքիային վտանգ չի սպառնում, այլ համայնքերում ևս անվտանգության հարցերը բարելավվել են: Այսինքն` որոշակի առումով կայունություն կա, իսկ բանակցություններն ընթանում են, կողմերն ինչ-որ ձևով նստել են սեղանի շուրջ: ՌԴ-ն իր համար լուծել է մի կարևոր հարց. ինքը գլոբալ դերակատար է, և իր հետ հաշվի են նստում»,-ավելացրեց արևելագետը:

Այն, որ սիրիական հարցում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում համագործակցություն է նկատվում, կարո՞ղ է ինչ-որ ձևով նպաստել այդ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հարցին ի պատասխան, քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշեց, որ սա, իհարկե, հիմք չի լինի Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում գլոբալ դիմակայությունը վերանայելու հարցում:

«Նրանք կշարունակեն դիմակայել, որովհետև ԱՄՆ-ի համար Ռուսաստանը խնդրահարույց խաղացող է, նա իր թելադրանքին չի հետևում, ավելին` ինքն ունի սեփական ռազմավարությունն իր անմիջական հարևան երկրներում, աշխարհի որոշ ռազմավարական նշանակության տարածքներում: Դիմակայությունը կշարունակվի, դա մենք դեռ կտեսնենք ուկրաինական թատերաբեմում: Աշխարհաքաղաքական վերաձևումներ կտեսնենք նաև Միջին Արևելյան Ասիայի տարածաշրջանում»,-ավելացրեց քաղաքագետը:

Անդրադառնալով Սիրիայի քրդերի կողմից դաշնայնացման մասին հայտարարությանը` Սուրեն Մանուկյանը նշեց, որ սա կարծես սիրիական քրդերի կողմից դեմարշ է:

«Քրդերը միակ ուժն են, որ չհրավիրվեցին բանակցություններին: Դաշնայնացման մասին հայտարարոթյունը հենց իրենց չհրավիրելու արձագանքն է: Քրդերը ցանկանում են ցույց տալ, որ կարող են ինքնուրույն գործողություններ անել: Դրան ոչ միայն Ասադն է դեմ, այլև` ընդդիմությունը: Այստեղ, պարզապես, քրդերի կողմից սեփական կշիռը ընդգծելու մասին է խոսքը»,-ավելացրեց Սուրեն Մանուկյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում