Տարածաշրջանային

Ադրբեջանը ծրագրում է գազ գնել Ռուսաստանից

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ծրագրում է գազ գնել Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը` SOCAR-ը ծրագրում է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից 3 մլրդ խմ գազ գնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:

«Մեզ այդ գազը պետք է, որպեսզի այն ներմղենք նավթաշերտեր` նավթի կայուն արդյունահանումն ապահովելու համար: Բացի այդ, մեր գազապահեստարանների ծավալը կազմում է 5 մլրդ խմ, եւ մենք ուզում ենք ստուգել դրանց առավելագույն բեռնավորումը: SOCAR-ը ծրագրում է Ռուսաստանից 3 մլրդ խմ գազ գնել: Մենք արդեն «Գազպրոմ»-ին ներկայացրել ենք մեր առաջարկները», -ասել է նա:

SOCAR-ի ղեկավարը հայտնել է, որ միաժամանակ բանակցություններ են վարում նաեւ իրանական կողմի հետ:

«Խոսքը գազի կուտակման գործողութունների մասին է: Մենք ցանկանում ենք գազ կուտակել պահեստներում, իսկ ձմռանը մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններ», -ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախկին վարչապետ, իսկ այժմ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, անդրադառնալով եվրոպական շուկայում ռուսաստանյան գազին Ադրբեջանի մրցակից դառնալու հարցին, Բաքվում հայտարարել էր. «Ինչ է Ադրբեջանը: Նա այժմ մեզնից տարեկան 2 մլրդ խմ գազ է գնում: Մենք այդ մասին Բաքվի հետ մինչեւ 2025 թվականը պայմանագիր ունենք»:

Զուբկովը նաեւ հավելել էր, որ Ադրբեջանին չի փրկի նաեւ «Շահդենիզ» գազի հանքահորի գործարկումը Անդրադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա գազ հասցնելու համար:

«Դա դեռ պետք է լինի 2020 թվականին: Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, դեռ պետք է ապրել», -ասել էր նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում