Մշակույթ

Իտալիայի դեսպանը նմանություններ է տեսնում հայ և իտալացի կանանց միջև

2 րոպեի ընթերցում

Իտալիայի դեսպանը նմանություններ է տեսնում հայ և իտալացի կանանց միջև

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին գոհ է Երևանում անցկացված «Իտալական կինոյի շաբաթ» միջոցառումից: Նա այս մասին նշեց «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված փակման արարողությանը, որին հաջորդեց փառատոնային վերջին ֆիլմի ցուցադրությունը:

«Շատ գոհ եմ փառատոնի ընթացքից, շատ ուրախ եմ: Այն վերահաստատում է մեր հայ բարեկամների հետաքրքրությունը իտալական կինոարվեստի նկատմամբ: Ֆիլմերը տարբեր են եղել, որոշ ֆիլմեր բավականին լուրջ են, որոշները` թեթև: Բոլոր ֆիլմերը միավորված են մեկ ընդհանուր թեմայով` վերաբերում են կնոջը: Ցույց են տալիս, թե ինչպես կանայք կարող են լինել ուժեղ, նրանց դերը կարող է որոշիչ լինել հասարակության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ջովաննի Ռիչուլին:

Դեսպանի համար ուժեղ է այն կինը, որն ապրում է հասարակության մեջ և արձագանքում է իրողություններին:

«Ֆիլմերից մեկում կան դրվագներ, երբ կանայք որոշակի դժվարին իրավիճակում են հայտնվում և կանացից յուրաքանչյուրն իր ձևով արձագանքում է և իրավիճակից դուրս գալու ճանապարհներ է որոնում»,-հավելեց նա:

Ջովաննի Ռիչուլին վստահ է` կանայք առեղծված են ամենուրեք: «Շատ նմանություններ կան մեր երկու ազգերի կանանց միջև, անմիջական են և կրքոտ»,-շեշտեց նա:

Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ մարտի 7-11-ը անցկացվեց Իտալական կինոյի շաբաթ, որի ընթացքում ցուցադրվեցին իտալական հայտնի ու լավագույն վերջին ֆիլմերը: Հինգ օր շարունակ ներկայացվեցին 5 ֆիլմեր, որոնք պատմում են իտալական մշակույթի, Իտալիայի ժողովրդի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում