Արմեն Ջիգարխանյանը դեռևս ծանր վիճակում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում մնում է վերակենդանացման բաժանմունքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունում։

«Վիճակը ծանր է։ Վերակենդանացման բաժանմունքում է»,- նշել է տեղեկառու ծառայության աշխատակիցը։

Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ ինֆարկտի կասկածներով, սակայն այդ ախտորոշումը չի հաստատվել այդ օրը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը: Ինստիտուտում հրաժարվեցին Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակի մասին հստակ տեղեկություն հաղորդել:

«Միայն հաստատում ենք, որ Արմեն Ջիգարխանյանը մեր բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Այժմ իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ավարտելուց հետո միայն կարող ենք տեղեկատվություն տալ»,-ասաց Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի ընդունարանի աշխատակիցը:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Նա մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում:

Հայերեն English Русский