ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին` նոր գրքերով. «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:
Նոբելյան մրցանակակիրներ
Պատրիկ Մոդիանո, «Որ չկորչես թաղամասում»
«Որ չկորչես թաղամասում» վեպը մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ կյանքի օբյեկտիվ իրողություններն են: Ֆրանսերենից թարգմանեց Շուշանիկ Թամրազյանը: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Աստրիդ Լինդգրեն, «Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները»
Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց վրա հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև բոլորը գիտեն, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան: Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը