Խորհրդարանում մեկնարկել են օմբուդսմենի ընտրության քննարկումները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում մեկնարկել են մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկումները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատգամավորներին հայտնեց, որ հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց Արման Թաթոյանի թեկնածությունը՝ վստահություն հայտնելով, որ նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կկարողանա լիարժեք իրականացնել իր վրա դրված պարտականություններն ու իր գործառույթները:

Արման Թաթոյանն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ամենազգայուն և կարևորագույն ոլորտներից է: «Այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ ինչպես երկրի զարգացման, այնպես էլ յուրաքանչյուր անձի պաշտպանվածության վրա: Իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը լի է մարտահրավերներով, որոնք անընդհատ փոփոխվում են և դրանց հաղթահարման համար յուրաքանչյուր դեպքոում պահանջվում են նոր մոտեցումներ: Հայաստանում իրավապաշտպան գործունեությունը և դրանում մարդու իրավունքների պաշտպանի դերը նորովի արժևորվեցին 2015թ. սահմանադրական բարեփոխումներով: Մի կողմից բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից արձանագրվեց մարդու իրավունքների պաշտպանին դիմելու յուրաքանչյուր անձի բացարձակ իրավունքը: Սա է եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժամանակակից այն մոտեցումը, որը դրված է Հայաստանի իրավապաշտպան համակարգի զարգացման հիմքում: Այս մոտեցումն առավել քան օրինաչափ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:

Նա հավելեց, որ իրավապաշտպան քաղաքակիրթ պահանջները մեծ ծանրություն են դնում պետության վրա: Համաձայն նոր ձևավորված համաեվրոպական սկզբունքների՝ պետություններն իրենք պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի յուրաքանչյուր ոք իրեն լիարժեք պաշտպանված զգա սեփական երկրում: «Ըստ այդմ՝ Օմբուդսմենի ինստիտուտին վերապահվում է հատուկ նշանակություն՝ որպես իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն մասնակից: Այսքանով հանդերձ, համոզված եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը, լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից, կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:

Նա ցավով նկատեց, որ Հայաստանում շարունակում են չլուծված մնալ զգալի թվով այնպիսի խնդիրներ, որոնք մարդու իրավունքների և ազատությունների խախտումների պատճառ են դառնում: «Օրինակ, համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական մեխանիզմը, դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու և այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով: Ներդրված չէ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ անհատական և ռիսկային գնահատման մոտեցումը: Մտահոգիչ է այն, որ, օրինակ, փակ հաստատություններում պահվող անձինք՝ հակառակ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքների երաշխիքներից: Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ՝ չնայած միջազգային պահանջներին»,- ընդգծեց Թաթոյանը:

ՄԻՊ-ի թեկնածուի խոսքով՝ ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային գործոն է Սահմանադրությամբ նրան տրված լիազորությունների շրջանակը, որը պետք է զարգացում ստանա սահմանադրական օրենքի մակարդակով:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում