Տարածաշրջանային

Պարզվել է Անկարայում պայթյուն իրագործած ահաբեկչի ինքնությունը

2 րոպեի ընթերցում

Պարզվել է Անկարայում պայթյուն իրագործած ահաբեկչի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել է անցած գիշեր Անկարայում Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի մոտ պայթյուն իրագործած ահաբեկչի ինքնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի անվտանգության մարմինները պայթունից սպանվածների մատնահետքերի հետազոտության արդյունքում պարզել են, որ ահաբեկչական գործողության հեղինակը Սիրիայի քաղաքացի Սալիհ Նեջարն է: Նա Սիրիայից փախստականի անվան տակ Թուրքիա է թափանցել անցյալ տարվա հուլիսին:

Ըստ թուրքական կողմի` Սալիհ Նեջարը հանդիսանում է Սիրիայում կառավարական ուժերի հետ համագործակցող քրդական Դեմոկրատական միություն կուսակցության եւ Ժողովրդի պաշտպանության ուժեր կազմակերպության (PYD/YPG) մարտիկ:

PYD/YPG-ն Սիրիայի կառավարական ուժերին զուգահեռ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ ցամաքային ռազմական գործողութունների մասնակից է:

Նշվում է, որ թուրքական անվտանգության մարմինները ձերբակալել են Սալիհ Նեջարի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող երկու անձանց:

Թուրքական HaberTurk հեռուստաալիքի Teke Tek ծրագրում Թուրքիայի անվտանգության հետախուզական վարչության նախկին պետ Սաբրի Ուզունը հայտարարել է, որ ահաբեկչության համար օգտագործված պայթուցիկի` «պարարտանյութերի տեսակի» լինելը հետքերը տանում են ԻՊ:

Մյուս կողմից` օրեր առաջ հրապարակված ԻՊ-ի Konstantiniyye հանդեսի 5-րդ համարում Թուրքիայի զինված ուժերը հարվածի տակ առնող հոդված էր հրապարակվել: Հոդվածում ընդգծվել էր, որ «թուրքական բանակը ՆԱՏՕ-ին հավասար կոտորում է մուսուլմաններին»:

Հոդվածում Թուրքիայի զինված ուժերի մասին օգտագործվել էր «Փարավոնի զինվորները» արտահայտությունը եւ կոչ էր արվել պայքարել ԹԶՈւ-ի դեմ` նշելով «կուռքին, սատանային հայհոյելը իսլամ ընդունելու առաջին կարգադրագիրն է: Առանց նրան հայհոյելու հավատն իրական չի կարող լինել»:

Պաշտոնական տվյալներով` Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 28 զինծառայող զոհվել, 61-ն էլ վիրավորվել են:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում