Տարածաշրջանային

Դավութօղլուն սիրիացի քրդերին Ռուսաստանի զինվորներ է անվանել

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուն սիրիացի քրդերին Ռուսաստանի զինվորներ է անվանել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) անդամները Ռուսաստանի զինվորներն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարումից հետո PYD-ն, վերածվելով Ռուսաստանի տարածաշրջանային ծրագրերի լեգիոների ու զուգահեռ զինվորի, իր համար առաջնահերթություն է դարձրել Թուրքիային վնասելը: PYD -ն ամենևին էլ քրդերի ներկայացուցիչը չէ, այլ Ռուսաստանի լեգիոներն ու զուգահեռ զինվորն է»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիան փետրվարի 13-ից սկսել է ռմբակոծել Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պահանջել է PYD-ից դուրս բերել զինուժը թուրքական սահմանի հարակից շրջաններից:

Թուրքական կողմի այս հարձակումների քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ պետդեպարտամենտը: Պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերի կողմից քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծումը հարուցել է ԱՄՆ-ի անհանգստությունը: «Մենք անհանգստացած ենք Հալեպից հյուսիս ընկած տարածքում առկա իրադրությամբ և մեր ջանքերն ենք գործադրում իրավիճակի լարվածությունը բոլոր կողմերից թուլացնելու նպատակով»,- ասել է Քիրբին՝ հորդորելով քրդերին ու թուրքերին կենտրոնացնել պայքարն ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Թուրքիայի զինված ուժերի գործողությունների առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա պահանջել է անմիջապես դադարեցնել Սիրիայի տարածքի ռմբակոծությունը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում