Մշակույթ

«Փրկվածը» կինոժապավենը դարձել է BAFTA բրիտանական մրցանակի հաղթահերոսը

6 րոպեի ընթերցում

«Փրկվածը» կինոժապավենը դարձել է BAFTA բրիտանական մրցանակի հաղթահերոսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» կինոժապավենը դարձել է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակի հաղթահերոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 14-ի երեկոյան Քովենթ Գարդենի շրջանում գտնվող Թագավորական օպերայի շենքում կայացած մրցանակաբաշխության արարողությանը վեսթեռն-թրիլլերը, որում գլխավոր դերը կատարել Է ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն, հաղթանակ է տարել այն ութ կատեգորիաներից հինգում, որոնցում ֆիլմն անվանակարգվել էր: «Լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «տղամարդու լավագույն դեր», «լավագույն հնչունավորում» եւ «լավագույն օպերատորական աշխատանք». բոլոր այս կատեգորիաներում ֆիլմը հավասարը չի ունեցել:

41-ամյա դի Կապրիոյի համար BAFTA-ի մրցանակն առաջինն է դարձել նրա կարիերայում: Մինչ այդ նա երեք անգամ «տղամարդու լավագույն դերի» հավակնորդների թվում է եղել «Ավիատոր», «Ուրացողները» եւ «Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմերում, բայց այդպես էլ պարգեւի չէր արժանացել:

Պարգեւատրման արարողությանը դերասանը չի թաքցրել իր ուրախությունը: «Շնորհակալություն BAFTA-ին: Իրոք, մեծ պատիվ է՝ ստանալ այս պարգեւը»,- ասել է նա՝ «բրոնզե դիմակն» ընդունելով դերասանուհի Ջուլիանա Մուրի ձեռքից:

«Կնոջ լավագույն դեր» մրցանակն ստացել է դի Կապրիոյի հայրենակցուհին՝ դերասանուհի Բրի Լարսոնը, որը խաղացել է իռլանդացի ռեժիսոր Լեոնարդո Աբրահամսոնի «Սենյակը» դրամայում: 26-ամյա Լարսոնը կինոժապավենում մարմնավորել է Մա անունով կնոջը, որն առեւանգվել է, երբ դեռ դեռահաս Էր եւ այն ժամանակվանից իր երեխայի հետ ապրում է շատ փոքր սենյակում: Ավելի վաղ նույն այս դերի համար նա արդեն արժանացել է առաջին «Ոսկե գլոբուսին», դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր:

Երկրորդ պլանի լավագույն դերասանի համար BAFTA-ի մրցանակն ստացել է Մարկ Ռայլենսը, որը խորհրդային հետախույզի է մարմնավորել է Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ամերիկյան պատմական ֆիլմում: Այս պարգեւը միակն է դարձել ֆիլմի ստեղծողների համար, որն անվանակարգված էր ինը կատեգորիաներում: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել բրիտանուհի Քեյթ Ուինսլեթը Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» կենսագրական դրամայում Ջոանա Հոֆմանի դերի համար:

Ջոն Քրաուլիի «Բրուքլին» կինոժապավենը մրցանակ է ստացել որպես «լավագույն բրիտանական ֆիլմ»: Ֆիլմը հիմնված է իռլանդացի գրող Քոլմ Թոյբինի համանուն վեպի վրա: Գլխավոր հերոսուհին՝ Էյշլին Լեյսին, լքում է Իռլանդիան եւ ուղեւորվում ԱՄՆ՝ աշխատանք գտնելու, որտեղ նա փորձում է դասավորել իր կյանքը եւ սիրահարվում է: Հայրենիքից ստացած ողբերգական լուրերն ստիպում են աղջկան վերադառնալ: Այստեղ նա հանդիպում է մեկ այլ տղամարդու եւ կանգնում դժվարին ընտրության առջեւ:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում հաղթող է դարձել «Գլուխկոտրուկ» կատակերգական-դրամատիկական 3-D ժապավենը: «Լավագույն փաստագրական ֆիլմ» է ճանաչվել «Էմի» կինոնկարը, որը պատմում է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին:

«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմը մրցանակ է ստացել «լավագույն տեսողական էֆեկտների» համար:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում այս տարի հաղթանակ է տարել Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմություններ» սեւ կոմեդիան:

Ջորջ Միլլերի «Խելահեղ Մաքսը. ցասման ճանապարհ» անտիուտոպիան լավագույնն է ճանաչվել չորս կատեգորիաներում՝ «բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», «զգեստների լավագույն դիզայն», «լավագույն մոնտաժ», «լավագույն գրիմ եւ սանրվածքներ» անվանակարգերում:

Մրցանակաբաշխության անհաջողակը դարձել է ռեժիսոր Թոդ Հեյնսի «Քերոլ» կինոնկարը: Գլխավոր դերում ամերիկացի դերասանուհի Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ ֆիլմը, որը պատմում է անցյալ դարակեսին Նյու Յորքում երկու կանանց սիրո մասին, անվանակարգված էր ինը կատեգորիաներում, բայց արդյունքում մնաց առանց պարգեւի: Ոչ մի «բրոնզե դիմակ» չստացան նաեւ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Մարսեցին» կինոժապավենը (6 անվանակարգ), Ալեքս Գառլենդի «Մեքենայից» եւ Թոմ Հուփերի «Աղջիկը Դանիայից» ֆիլմերը (հնգական), ինչպես նաեւ Դենի Վիլնյովի «Մարդասպանը» (3 անվանակարգ):

Առաջին անգամ 1948 թվականին հանձնված BAFTA մրցանակն իրավամբ համարվում է «Օսկար» ամերիկյան մրցանակի գլխավոր փորձը, որն իր հերոսներին գտնում է բրիտանականից երկու շաբաթ հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում