Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Հռոմի Պապի քայլն անբեկանելի է. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Հռոմի Պապի քայլն անբեկանելի է. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված 2015 թվականին այն, ինչ արեց Հռոմի պապը, անբեկանելի է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Թուրքիայի տարածած այն հայտարարությանը, թե Վատիկանը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:

«Ես սա դիտարկում եմ որպես Թուրքիայի դիվանագիտական խորամանկ քայլ: Դեռևս պետք է սպասել, տեսնել, թե ինչ ընթացք կստանա այս գործընթացը: Կարծում եմ, որ այս խնդրին պետք է շատ զգույշ մոտենալ, քանի որ հիշում ենք, թե անցած տարի ինչ մեծ քայլ կատարվեց Հռոմի պապի կողմից: Դեռևս պետք է սպասել, նոր հստակ պատկերացում կազմել: Այն քայլը, որ անցյալ տարի կատարվեց Հռոմի պապի կողմից, անբեկանելի է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Հարցին, թե արդյոք Վատիկանը պե՞տք է արձագանքի, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դա Վատիկանի որոշելիքն է:

Թուրքագետը նշեց, որ Վատիկանի արխիվները փաստում են, որ 1915 թվականը եղել է ցեղասպանություն:

«Վատիկանի արխիվները ուսումնասիրվում են պատմաբանների կողմից: Կարևոր փաստաթղթեր հրապարակվել են, առավել կարևորները պատրաստվում են հրապարակվել: Գերմանացի հետազոտողներից մեկի կողմից ուսումնասիրվեցին կարևոր փաստաթղթեր ու ներկայացվեցին: Այդտեղ հստակ ցույց է տրվում, որ Օսմանյան Թուրքիայի կառավարութան նախապատրաստած ծրագրի հիման վրա իրականացվել են զանգվածային սպանություններ: Չեմ կարծում, որ ինչ-որ թուրք պատմաբան այնտեղ կկարողանա ինչ-որ բան գտնել` թուրքական կեղծիքները հաստատելու համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Փետրվարի 4-ին թուրքական իշխանությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Վատիկանը ետքայլ է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլյան ուղերձից : Թվիթերյան իր էջում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ դա ամբողջովին կեղծ է: Փետրվարի 3-ի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ ուղարկել Վատիկանի իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով կանչվել էր Անկարա Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացված պատարագից հետո: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որի ընթացքում Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն անվանեց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում