Տարածաշրջանային

Իսրայելն ու Հունաստանը Թուրքիային մեղադրել են ԻՊ-ին աջակցելու մեջ

2 րոպեի ընթերցում

Իսրայելն ու Հունաստանը Թուրքիային  մեղադրել են ԻՊ-ին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ Հունաստանի պաշտպանության նախարարներ Մոշե Յալոնը եւ Պանոս Կամմենոսը Թուրքիային մեղադրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել Աթենքում բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

Մոշե Յալոնը Թուրքիային ուղղակիորեն մեղադրել է իսլամիստներին հովանավորելու մեջ:

«Հանրահայտ է, որ ԻՊ-ն վաղուց թուրքական փողեր է ստանում` նավթ վաճառելով: Հուսով եմ, որ դրան վերջ կդրվի: Հասել է ժանամակը, որպեսզի թուրքական ղեկավարությունը որոշի, թե մտադի՞ր է, արդյոք, վերջապես միանալ ահաբեկչության դեմ պայքարին: Այստեղ խորհրդածելու բան չկա», -ասել է նա: Բացի այդ, Յալոնը հայտարարել է, որ Թուրքիան մատների արանքով է նայում իր տարածքով ահաբեկիչ-ջիհադականների տեղափոխումներին:

Իսրայելի մամուլը գրել է, որ Մոշե Յալոնի այդ հայտարարությունը կարող է խնդիր առաջացնել երկար ժամանակ հետո Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ նորմալացած հարաբերություններում:

Իր հերթին, նրա հույն գործընկեր Պանոս Կամմենոսը հայտնել է, որ Անկարան նավթի մեծ մասը ձեռք է բերում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից` դրանով ֆինանսավորելով ահաբեկիչներին: Կամմենոսը Անկարային նաեւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել փախստականների հոսքն Եվրոպա սահմանափակելու ուղղությամբ:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր, որ Թուրքիան ԻՊ-ից մեծ ծավալով նավթ է գնում, եւ իրենք դրա վերաբերյալ ապացույցներ ունեն: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հաստատվի իր երկրի կողմից ԻՊ-ից նավթ գնելու մասին տեղեկությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «Սու-24» ինքնաթիռը Թուրքիայի կողմից նպատակային էր խոցվել: Թուրքիայի նպատակը ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային ռեսուրսները ռուսական ռմբակոծիչներից պաշտպանելն է եղել:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում