Հասարակական

«Սանիտեկ»-ը հայցում է Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար

3 րոպեի ընթերցում

«Սանիտեկ»-ը հայցում է Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարի 23-ից 25-ին մայրաքաղաք Երևանում տեղացած առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունն աշխատել է արտակարգ ռեժիմով՝ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքներ իրականացնելով Երևանի10 վարչական շրջանների գլխավոր և երկրորդական փողոցներում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընկերության լրատվական ծառայությունից: Շուրջօրյա ռեժիմով ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել «Սանիտեկ» ընկերության 600 աշխատակիցներ, ինչպես նաև օգտագործվել են թվով 75 հատուկ մեքենաներ:

Օգտագործելով ներկայումս առկա իր բոլոր ռեսուրսները, և համագործակցելով Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների հետ՝ «Սանիտեկ» ընկերությունը փորձել է նվազագույնի հասցնել եղանակային փոփոխությունների պատճառով առաջացած անհարմարությունները։

«Անընդմեջ տեղացող ձյան պարագայում ճանապարհների ամբողջական մաքրությունը տեսականորեն անգամ հնարավոր չէ ապահովել, սակայն մեզ համար սկզբունքային է մեր աշխատանքը առավելագույնս պատշաճ կերպով կատարելը: Հայցում ենք Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար և լիահույս ենք, որ բնակիչների հետ համագործակցությամբ կկարողանանք քաղաքը առավելագույնս անվտանգ ու անցանելի դարձնել»,-իր խոսքում նշել է «Սանիտեկ» ընկերության սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, հավելելով, որ այս օրերին ընկերությունը օպերատիվ կերպով արձագանքում է թեժ գծերին ստացված բոլոր հեռախոսազանգերին, ինչպես նաև աչալուրջ է վերջին ամսվա ընթացքում հնչեցված բոլոր դիտարկումների ու քննադատությունների հանդեպ:

«Սանիտեկ» ընկերությունը հորդորում է քաղաքացիներին անընդմեջ տեղացող ձյան պայմաններում զգույշ լինել փողոց դուրս գալիս, ինչպես նաև աջակցել «Սանիտեկ»-ի աշխատանքներին՝ ինֆորմացիայով և սեփական դիտարկումներով դիմելով ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:

«Saniteks.a.r.l»ընկերությունն իր գործունեությունը Երևան քաղաքում սկսել է 2014թ. դեկտեմբերի 1-ից։ Ներկայումս այն աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում Երևանի 10 վարչական շրջաններում: Միջազգային այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում 19 միլիոն եվրոյի ներդրում է կատարել՝ ներկրելով 180 միավոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից մեքենասարքավորում, ինչպես նաև գերմանական արտադրության 9000 աղբամաններ: Ընկերությունը ներկայումս 900 աշխատակիցներ ունի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում