Արաս Օզբիլիսը խոստանում է շատ գոլեր խփել «Բեշիքթաշ»-ում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը, ով օրերս պայմանագիր կնքեց թուրքական հայտնի ակումբերից մեկի` «Բեշիքթաշ»-ի հետ, ակումբի հեռուստաալիքի եթերում խոսել է իր տրանսֆերի և Թուրքիայում առաջին տպավորությունների մասին:
«Լավ եմ, երջանիկ եմ, մի փոքր լարվածություն կար սկզբում, բայց ամեն բան լավ անցավ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր խոսքի սկզբում պատմել է Օզբիլիսը: Հաղորդավարների խնդրանքով` նա պատմել է նախկին ֆուտբոլային ակումբներում` հոլանդական «Այաքս»-ում, ռուսական «Կուբան»-ում և «Սպարտակ»-ում ունեցած փորձառության մասին:
Հաղորդավարի այն հարցին, թե ինչ է մտածում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Բեշիքթաշ»-ի երկրպագուների վերաբերյալ, Արասն ասել է. «Լսել եմ, որ լավագույն երկրպագուներն են: Հուսով եմ, որ լավ հարաբերություններ կունենանք: Դրա համար ես կանեմ հնարավոր ամեն բան»:
Հարցին, թե ի՞նչ զգաց Օզբիլիսը Ստամբուլում վայրէջք կատարելուց հետո, ֆուտբոլիստը հիշեցրել է, որ ծնվել է այդ քաղաքում և պարբերաբար այցելել, հետևաբար իր համար Ստամբուլը նորություն չէր:
Հայաստանի հավաքականի անդամը հույս է հայտնել, որ նոր ակումբում` «Բեշիքթաշ»-ում կկարողանա շատ գոլեր խփել և որ դրա համար կանի առավելագույնը: «Մեր կարևորագույն նպատակը «Չեմպիոնների լիգա»-ն է»,- ասել է նա:
Հաղորդման վերջում Օզբիլիսը հագել է թուրքական ակումբի մարզաշապիկը և տեղեկացրել, որ դեռևս որոշված չէ, թե որ համարի ներքո կխաղա «Բեշիքթաշ»-ում: