Եվրոպական երկրներում տեղի բնակիչների ու փախստականների միջև բախումերը չեն բացառվում. արաբագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում փախստականների պահվածքով պայմանավորված տեղի հասարակության շրջանում դժգոհության ալիքը մեծանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ տեղի հասարակության շրջանում փախստականների նկատմամբ դժգոհություն գալիս է դեռ 2015 թվականի վերջից:

«Այդ դժգոհությունը միայն Ամանորի իրադարձություններով չէ պայմանավորված, երբ փախստականները հարձակում գործեցին տեղի կանանց վրա: Ընդհանուր առմամբ հասարակությունը դժգոհ է: Դեռ 2015 թվականի վերջից, մի շարք պետություններ սկսել էին խստացնել իրենց կեցվածքը: Կարծես, ընդհանուր առմամբ, Եվրոպայում այլամերժության ալիք է բարձրանում: Դա մենք տեսանք, օրինակ, Ֆրանսիայի տեղական կամ շրջանային ընտրությունների ժամանակ, տեսնում ենք նաև այլ պետությունների կեցվածքում: Այս ընթացքը, թերևս, կշարունակվի»,-ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, դա, իհարկե, չի նշանակի, որ իրենց կհաջողվի փախստականների հոսքի առաջն առնել: Հիմնական խնդիրը Մերձավոր Արևելքում առկա տրամադրությունների կարգավորման հետ է կապված, որն ուշանում է:

«Դա 21-րդ դարի ամոթն է, երբ այդքան մեծ թվով մարդկային հոսք հասնում է Եվրոպա: Այո, տեղի հասարակությունը դժգոհ է, բայց պետք է ասել, որ Եվրոպան իրականում դրա դեմն առնելու հնարավորություն չունի: Ի՞նչ են անելու, եթե մարդիկ հասնեն սահման, ջարդելո՞ւ են: Ի վերջո ճնշումը կմեծանա և տեղի կտան: Եվրոպական երկրների իշխանությունները կարող են ավելի խիստ վերաբերել, ավելի կոշտ լինել, բայց այդ ալիքը չի դադարի»,-ասաց Կիրո Մանոյանը:

Չի բացառվում, որ փախստականների նման քայլը հրահրված լինի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, միգրացիոն քաղաքականությունը փոխելու համար եվրոպական երկրները պետք է վերանայեն կամ անտեսեն այն արժեքային համակարգը, որն առկա է այդ կառույցի ստեղծման հիմքում: «Այդ իսկ պատճառով շատ հավանական է, եթե չասենք պետական մակարդակով, ապա ազգայնական տարրերի միջամտությամբ, նման իրավիճակի ստեղծումը, որը փաստի առաջ կկանգնեցնի մի շարք եվրոպական երկրների` վերանայելու միգրացիոն քաղաքականությունը»,-ասաց արաբագետը:

Արմեն Պետրոսյանը նշեց, որ որոշ հետաքննական տվյալների, նաև սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Եվրոպայում գաղթականների մասնակցությամբ անկարգություններում Սիրիայից, Իրաքից գաղթած միգրանտների թիվը չի հասնում 1%-ի. շատ ավելի առարկայական է Մաղրիբի երկրներից, Աֆղանստանից, Պակիստանից Եվրոպա հասած գաղթականների դերակատարությունը:

Ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել միգրացիոն ճգնաժամը մեղմելու համար: Արաբագետը հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին Թուրքիայի հետ համաձայնություն էր ձեռբերվել միգրացիոն խնդիրը, եթե չասենք կարգավորելու, ապա գոնե մեղմելու հետ կապված: Եվրոպական երկրները խոստացել էին Թուրքիային տրամադրել 3 մլրդ եվրո՝ փախստականների խնդիրների լուծման համար: Թուրքիան պարտավորություն էր ստանձնել ԵՄ-ի որոշ քայլերի դիմաց հնարավորինս սահմանափակելու միգրանտների հոսքը դեպի Եվրոպա: «Թուրքիայի արտգործանախարարի վերջին հայտարարությունը այն մասին է փաստում, որ եթե ֆինասնական միջոցները չտրամադրվեն, ապա միգրանտների խնդիրների դեմ Եվրոպան ստիպած կլինի պայքարել սեփական տարածքում: Սա Թուրքիայի կողմից շանտաժի քաղաքականություն է, հետևաբար, այստեղ կան միտումնավոր քայլեր, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը խթանելու համար»,-ասաց արաբագետը:

Արդյո՞ք եվրոպական երկրների տեղի բնակչության շրջանում առկա դժգոհության ալիքի բարձրացմամբ հնարավոր են բախումներ փախստականների հետ: Հարցին ի պատասխան, արաբագետը նշեց, որ հնարավոր է և պատճառը կարող է լինել, ոչ միայն միգրանտների վարքը: «Սոցիալ տնտեսական վիճակի բարդացումը նույնպես խնդիր է: Ինչպես գիտենք, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է երկրում տնտեսական արտակարգ իրավիճակ: Եթե նման խնդիրները սրվեն, ապա չի բացառվում, որ տեղի բնակչության ու միգրանտների միջև բախումներ լինեն»,-հավելեց արաբագետը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա