ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական լարիի շարունակական անկումը Վրաստանում բարդացրել է սոցիալական վիճակը: Լարիի արժեզրկումն իր ազդեղությունն է թողել նաև Վրաստանում հայկական համայնքի վրա: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
«Դեռևս 2014-ի վերջին վրացական արժույթը՝ լարին արժեզրկվեց 1 տարվա ընթացքում նվազելով մինչև 34 տոկոս: Անկումը դեռևս շարունակվում է, ինչն ուղղակիորեն ազդում է ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ հայկական համայնքի վրա: Տարիների ընթացքում բավականին լուրջ խնդիրներ են առաջացել բանկային համակարգում»,- «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ ասաց վրացագետը:
Մելիքյանի խոսքով՝ մոտավորապես վրաց ընտանիքներից յուրաքանչյուրը բանկերից վերցված 1-2 վարկ ունի: Նման ընտանիքների քանակն այսօր Վրաստանում հասնում է 1,5 մլն: Բանկերի կողմից վարկերը հիմնականում տրամադրվում են դոլարով, իսկ լարիի արժեզրկումից հետո բավականին լուրջ բեռ է դառնում քաղաքացիների համար:
«Հայկական համայնքում խնդիրները ֆինանսական առումով տարբեր են: Եթե վերցնենք, օրինակ, Ջավախքը, ապա այստեղ ընտանիքների մեծամասնությունը Ռուսաստանից ֆինանսական ներհոսք ունի»,- ասաց վրացագետը՝ հավելելով, որ ռուսական տնտեսության ճգնաժամն ու ռուբլու արժեզրկումն էական ազդեցություն են ունեցել ջավախահայության սոցիալական վիճակի վրա: