Տարածաշրջանային

Ադրբեջանում թանկացումների հետ կապված բողոքի ակցիաներում 5 ոստիկան եւ 3 քաղաքացի վիրավորվել են

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում թանկացումների հետ կապված բողոքի ակցիաներում 5 ոստիկան եւ 3 քաղաքացի վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում` պարենային մթերքի թանկացումների դեմ Ադրբեջանի ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներն ընթանում են անվտանգության ուժերի հետ բախումներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել խաղաղ մասնակիցների դեմ: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել քաղաք: Բախումներում 5 ոստիկան եւ 3 քաղաքացի վիրավորվել են: Փաստը հաստատել է Սիյազանի շրջանի ոստիկանության վարչությունը:

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 55 մասնակիցների: Ձերբակալվածները 18-45 տարեկան տղամարդիկ են:

«Թուրան»-ը հայտնում է, որ բողոքները կանխելու ուժային միջոցները շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում, Աղջաբեդիում եւ այլ վայրերում:

Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:

Ադրբեջանում բոլոր տեսակի` այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումները սկսվել են ազգային արժույթի` մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետեւանքով, ինչը կապված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում