ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում, սահմանված կարգի համապատասխան, ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»,- գրել է Բաբայանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով, ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարական է ներկայացրել: «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,-նշված է ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում: