Հասարակական

Ողջ տարվա ընթացքում հայկական զինուժը թույլ չի տվել հակառակորդին մեկ միլիմետր առաջ գալ. Արծրուն Հովհաննիսյան

8 րոպեի ընթերցում

Ողջ տարվա ընթացքում հայկական զինուժը թույլ չի տվել հակառակորդին մեկ միլիմետր առաջ գալ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող 2015 թվականը հայկական բանակի եւ Զինված ուժերի համար համարվում է աննախադեպ լարվածության տարի, որն իր հետ բերեց կորուստներ, նոր խնդիրներ, սակայն, բնականաբար, ավելի ուժեղացրեց եւ ամրապնդեց հայկական զինված ուժերի մարտունակությունը: Հայկական զինված ուժերի գործունեությունն ու ունեցած ձեռքբերումներն «Արմենպրես»-ը փորձել է ամփոփել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Սահմանային լարվածությունն ու պատերազմական վիճակը

Չնայած 2014 թվականը նույնպես եղել է լարված տարի, բայց ռազմական փորձագետն անցնող տարին որակում է լարվածության առումով մի քանի քայլ առավել: «Հունվարից սկսած ինտենսիվ դիվերսիաներ էին կատարում: Այս տարի օրինաչափություն դարձավ ծանր հրետանու կիրառումը, ընդ որում փոքր ականանետերից մինչեւ մեծ հաուբիցներ: Զոհերի եւ կրակոցների առումով տարին կարելի է համարել ոչ լայնամասշտաբ, բայց լիովին պատերազմ: Պատերազմ իր ցանկացած ածանցյալ բառով` դանդաղ, ոչ ինտենսիվ, հիբրիդային, խաղաղ, բայց պատերազմ: Զուտ մարտական առումով լավածությունն իրավիճակի որեւէ փոփոխության չի բերել: Կողմերից մեկը մեծ առավելություն մյուսի նկատմամբ չունի եւ ագրեսիա իրականացնող կողմն առաջ շարժվելու որեւէ սանտիմետրի տեղաշարժ չունի»,- ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ լարվածությունը բանակցային գործընթացը վիժեցնելու, ընդհանուր հասարակական տրամադրությունը փոխելու, հասարակական կարծիքի վրա ազդելու, քննարկվող հարցերի առումով բերեց աննախադեպ փոփոխությունների: «Նախագահների վերջին հանդիպումը շատերն անվանեցին ոչ թե խաղաղության, այլ պատերազմ չսկսելու հանդիպում: Իրավիճակն այնքան է լարված եւ պատերազմին մոտ, որ նման հանդիպումները մի փոքր հույս են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի»,-նկատեց ՊՆ խոսնակը: Թե ինչն է խանգարում, որ լայնամասշտաբ պատերազմ չսկսվի հարցին ի պատասխան Հովհաննիսյանը շեշտում է, որ քաղաքական գնահատական տալու իրավունք չունի: «Ես կարող եմ դաշտում եղած փորձագետների տեսակետերը մեջբերել: Օրինակ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ներկայացրել է կետեր, թե ինչու Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ: Այդ կետերից են Ադրբեջանի անկայունությունը, ալիեւյան կլանի հանգստությունը եւ հարստությունը վայելելու ցանկությունը եւ այլն: Բայց այդ նույն պատճառները կարելի է համարել նաեւ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում լավածությունն ավելի ուժեղացնելու նախապայման: Այսինքն, որքան թուլանոմ է ադրբեջանական տնտեսությունը, այնքան մշտապես լարումը բարձր պահելու ցանկությունն է մեծանում: Միգուցե չեն գնա լայնամասշտաբ պատերազմի, որովհետեւ կորցնելու շատ բան կունենան, բայց միեւնույն ժամանակ չեն ուզում սահմանին խաղաղություն լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Բանակի ձեռքբերումները

Ռազմական փորձագետը շեշտում է, որ զինվորականի համար դժվար է լարված իրավիճակում, զոհերի, կիրառվող ծանր զինատեսակների պարագայում խոսել մեծ ձեռքբերումներից, սակայն դրանք եղել են: «Իհարկե բանակի ղեկավարությունը կուզենար, որ բոլոր ձեռքբերումները փաստվեին խաղաղ պայմաններում: Բայց, ընդհանուր առմամբ, որպես ձեռքբերում կարելի է համարել բանակի մարտունակության բարձրացումը, որովհետեւ որքան էլ պարադոքսալ է, բայց այդ լարումը մարտական հմտության ձեռքբերման հիմքերից է, քանի որ բանակն այն մարմինն է, որ իրեն լավագույն կերպով դրսեւորոմ է հենց ռազմական իրավիճակներում: Հետեւաբար, զինծառայողների մարտունակության բարձրացումը, որ տեղի է ունենում լարվածության պայմաններում, նույնպես ձեռքբերում է, քանի որ հակառակորդին որեւէ շանս չի տալիս գոնե մեկ միլիմետր առաջ գալու, անգամ փոքրիկ մարտավարական հաջողության հասնելու մեր նկատմամբ: Միեւնույն ժամանակ պետք է փաստենք, որ նման լարվածության պարագայում բանակի ներքին կարգապահական խնդիրները գնում են երկրորդ պլան եւ հատուկ ջանքեր չեն պահանջում դրանք վերացնելու համար, քանի որ մարտական իրավիճակն ինքն է դա կատարում: Մեր զինվորը մարտի պայմաններում իր զինվորների, սպաների հետ ավելի միահամուռ է եւ կարգապահական խնդիրները չեզոքացվում են»,-ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական կառույց, հայկական Զինված ուժերի համար որպես լուրջ միջազգային ձեւաչափի հարթակ է ընկալվում եւ համագործակցությունն այդ կառույցի հետ կարեւոր է, քանի որ այնտեղ Հայաստանը դրսեւորում է իր ունակություններն ու հմտությունները: «Օգտվել ենք համատեղ զարգանալու, կրթվելու, սպառազինվելու, դաստիարակվելու, մասնագիտանալու եւ հմտություններ դրսեւորելու հնարավորությունից: Եւ այդ առումով ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է համարել բեղմնավոր եւ հեռանկարային»,- գնահատեց ՊՆ խոսնակը:

Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող

Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում եւ այդ առումով աշխարհագրությունն անընդհատ ընդլանվում է: «Դա մեր զինված ուժերի որակի դրսեւորումն է: Այս տարի հայկական զինված ուժերը հատուկ սերտիֆիկատ ստացան, որը թույլ է տալիս կազմել հատուկ խմբավորումներ գումարտակի մակարդակով, ինչը կարեւոր հանգամանք է եւ մեր հարեւան պետություններն այդ փուլն այնքան էլ հեշտությամբ չեն անցնում: ՆԱՏՕ-ի հետ համատեղ արդեն ստեղծվել է բարեվարքության կենտրոն, որն առանձնահատուկ մոդել է: Դա որեւէ մեկից վերցված չէ: Դա բանակի ժամանակակից մարտահրավերներից ծնված որոշում է եւ այն պետք է զարգացնել եւ առաջ տանել:

«Շանթ 2015» զորավարժություն

«Շանթ-2015» զորավարժությունն իր մակարդակով նորություն էր, սակայն նմանատիպ զորավարժություններ մի քանի անգամ արդեն անցկացվել էին: Ընդգրկվածության, խորության եւ աշխարհագրության առումով լայն էր եւ պրոֆեսիոնալ: Հասարակության բոլոր շերտերի, պետական բոլոր կառույցների նեգրավմամբ այն յուրահատուկ էր: Բոլոր մարզերում կազմակերպվեցին միջոցառումներ: Բնակչությունը, ՏԻՄ-երը, այլ գերատեսչությունները, կառավարությունը համակարգված լայնամասշտաբ աշխատանքներն էին կատարում, ընդ որում զորավարժությունը, ոչ մեր կամքով, համընկավ սահմանային լավածության հետ եւ դա ավելի իրատեսական վիճակ ստեղծեց»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը` շեշտելով, որ նմանատիպ զորավարժությունների անցկացման նպատակներից մեկն էլ խնդիրների դուրս հանումն է: «Բոլոր օղակներում էլ ի հայտ են գալիս խնդիրներ: Մենք յուրաքանչյուր տարի զորավարժություն անցկացնելով փորձում ենք նախորդ տարվա թերությունները շեշտել: Այս զորավարժությունն էլ հանդիսանալով նախորդ տարիների զորավարժությունների շտկողն ու նոր ձեռքբերումներ ունեցող միջոցառում, միաժամանակ իր հետ բերել է խնդիրներ, որոնք հաշվի են առնվելու հաջորդ տարիների պլաններում»,-եզրափակեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Հասմիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում