Տնտեսություն

Հայաստանում ձեռքբերում են համարում արդյունաբերական արտադրանքի 4,6 տոկոս աճը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ձեռքբերում են համարում արդյունաբերական արտադրանքի 4,6 տոկոս աճը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերության համար 2015 թվականը բավական բարդ տարի էր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման գնահատական տվեց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը: Նրա խոսքով, միջազգային գործընթացներում այս տարի նկատվում է գունավոր մետաղների գների անկում, ռուսական շուկայում բավական անկայուն վիճակ է: Չնայած բարդ պայմաններին, արտաքին մարտահրավերներին, ըստ վարչության պետի, պետք է արձանագրել, որ անգամ նման պայմաններում, այս տարվա 11 ամիսների ցուցանիշներով արդյունաբերական արտադրանքի 4,6 տոկոս աճ է գրանցվել:

«Նման բարդ պայմաններում այդպիսի աճ արձանագրելը կարող ենք ձեռքբերում համարել: Հանքարդյունաբերությունում աճը կազմել է 50,2 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման աճը`3,7 տոկոս: Նվազում գրանցվել է մշակվող արդյունաբերության ոլորտում: Այստեղ անկումը կազմել է 4,2 տոկոս: Հիմնականում խմիչքների արտադրության ոլորտում է անկում գրանցվել, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ոլորտում: Խմիչքների արտադրության անկման հետ կապված նշենք, որ արդեն դրական միտում է նկատվում: Մասնավորապես, եթե տարվա սկզբում անկումը կազմում էր շուրջ 40, հիմա կրճատվել է և կազմում 20 տոկոս»,-ասաց Արմեն Եգանյանը: Դրան ի հակառակ, տարվա ընթացքում աճ է գրանցվել ոսկեգործության ոլորտում, հագուստի, կոշիկի, դեղագործության արտադրությունում:

Արմեն Եգանյանը նշեց, որ համագործակցելով մասնավոր հատվածի հետ, խնդիրները համատեղ լուծելով, տարբեր ոլորտներում աճ են ապահովել: 2015 թվականն աչքի է ընկել խոշոր ընկերությունների մեկնարկային գործունեությամբ: Մասնավորապես, այս տարի իր գործունեությունն է սկսել 22 խոշոր ընկերություն` ներդրումների ծավալը կազմելով 65-70 մլրդ դրամ: Ստեղծվել է լրացուցիչ շուրջ 2600 աշխատատեղ:

Ընդհանուր առմամբ, արդյունաբերության ոլորտում գործում է 2 հազար 567 ընկերություն, զբաղվածների թիվն ավելի քան 80 հազար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում