Հասարակական

Բնապահպանական ձեռքբերումներից է «ընդերքի թափոններ» հասկացության ներմուծումը. Արամայիս Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Բնապահպանական ձեռքբերումներից է «ընդերքի թափոններ» հասկացության ներմուծումը. Արամայիս Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում առաջին անգամ ընդերքի բնագավառում օրենսդրորեն ներմուծվեց «ընդերքի թափոններ» հասկացությունը, որը հետագայում Բնապահպանության նախարարությանը հնարավորություն կտա ավելացնել բնապահպանական վճարները: Այս մասին, դեկտեմբերի 23-ին ամփոփելով տարվա ընթացքում բնապահպանության օրենդրական ոլորտում կատարված աշխատանքները, ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Այդ սահմանման մեջ հիմնականում մտնում են մակաբացման ապարների տեղամասեր, մակաբացման ապարներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի տեղամասեր հասկացությունները: Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է եղել հանքարդյունաբերության գործունեության արդյունքում առաջացող թափոնների հետ կապված խնդիրները կանոնակարգելու, ինչպես նաև վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամայիս Գրիգորյանը:

Նախարարության ստորաբաժանումների կողմից մշակվել և սահմանված կարգով ընդունվել են ոլորտը կանոնակարգող 51 նորմատիվ իրավական ակտեր, որոնցից չորսը օրենքներ են. ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

«Նաև այս տարվա օրենսդրական առաջընթացներից մեկն է օրեր առաջ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Բավականին երկար ժամանակ մենք սպասում էինք այս օրենքի ընդունմանը, քանի որ այն երկու տարի գտնվում էր Ազգային ժողովում: Այս օրենքի ընդունման նպատակն է կարգավորել ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը՝ հատկապես Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում», - տեղեկացրեց Արամայիս Գրիգորյանը:

Օրենսդրական ոլորտում ավարտին մոտեցող տարում կատարված աշխատանքները ներկայացնելիս, ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրեց, որ նաև ընդունվել է ՀՀ կառավարության 31 որոշում, ՀՀ վարչապետի 7 որոշում և գերատեսչական 9 ակտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում