«Մատանիների տիրակալ»-ի Գոլումի և Էրդողանի նմանությունը դատական գործի առիթ է դարձել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դատարանը դատական փորձաքննություն է պահանջել՝ հասկանալու համար, թե արդյոք «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի՝ Գոլումի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համեմատությունը վիրավորական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Todays Zaman պարբերականը:
Այդընի՝ քրեական հանցագործությունները քննող դատարանը դատական գործ էր սկսել այդընցի բժիշկ Բիլգին Չիֆթչիի դեմ: Նա 2015 թվականի հոկտեմբերին հեռացվել էր Թուրքիայի հանրային առողջության ինստիտուտից այն պատճառով, որ հրապարակել էր մի «մեմ», որտեղ գրոտեսկային տեսքով հայտնի Գոլումը ներկայացված էր երեք կերպարով՝ ուտելիս, զարմացած և զվարճացած: Նկարի մյուս կողմում պատկերված էր Էրդողանը նման էմոցիաներ արտահայտելիս:
Դատական արդեն 4-րդ լսման ժամանակ դատավորը որոշում է կայացրել հատուկ փորձագիտական քննություն անցկացնելու մասին միայն այն բանից հետո, ինչ Չիֆթչիի իրավաբանը հարցրել է նրան, թե արդյոք դիտել է ֆիլմը, և դատավորը խոստովանել է, որ այն տեսել է միայն հատվածաբար: Նոր որոշման համաձայն՝ գործի քննությանը կկցվեն երկու ակադեմիկոս, վարքագծի ուսումնասիրությամբ զբաղվող երկու գիտնական կամ հոգեբան, ինչպես նաև կինոյի ու հեռուստատեսային արտադրանքի փորձագետ, ովքեր կուսումնասիրեն, թե որքանով է այդ «մեմ»-ը վիրավորանք Էրդողանի հասցեին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 16-ին:
Բիլգին Չիֆթչին իր հերթին վստահեցրել է, որ Գոլումը վատ կերպար չէ, և որ ինքը ոչ ոքի չի վիրավորել: Եթե նրա դեմ մեղքը հաստատվի, ապա Չիֆթչին կդատապարտվի մինչև 2 տարվա ազատազրկման: