Քոնանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում նկարահանումներին աջակցած անձանց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի հեղինակ և վարող Քոնան Օ’Բրայենը շնորհակալություն է հայտնել բոլորին Հայաստանում նկիարահանումներն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քոնանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբոլոգւմ՝ հրապարակելով նաև հայաստանյան այցից լուսանկարներ:«Շնորհակալություն Սոնա Մովսեսյանին և բոլորին, ովքեր հնարավոր դարձրին «Քոնան» շոուն Հայաստանում»,- նշել է Քոնանը: Նա հրապարակել է լուսանկար, որտեղ իր անձնական օգնականի՝ Սոնայի հետ գլխաշորով նստած ճաշում են՝ գրելով. «Երկու գեղեցիկ հայ կանայք վայելում են ճաշը»:

Մեկ այլ լուսանկարում Քոնանն ու Սոնան հովվի համազգեստով են: Այս առնչությամբ հեղինակը գրել է. «Ես դրական չեմ տրամադրված, բայց կարծում եմ, որ կարող էի լինել առաջին ուշ գիշերային հաղոդավարը, ով ոչխար է արածեցրել Հայաստանում»:

Գառնու հեթանոսական տաճարի մոտ արված լուսանկարում, որտեղ Քոնանն ավանդական հայկական պարային զգեստով է, նշել է. «Սա հայկական պար է, որը կոչվում է «Որտեղ եմ կրկին կայանել ավտոմեքենան»:Լուսանկարներից մեկում Քոնանը ներկայանում է որպես հայկական սերիալներից մեկի դերասան:

Վերջին լուսանկարում հեղինակը, հայ նկարչի ստեղծագործությունը ձեռքին, գրել է. «Ինչպես և պահանջվում էր, ես Սոնա Մովսեսյանի հայրիկին գեղեցիկ նկար եմ բերել: Ոչ մի բառ այն մասին, թե ինչ է մտածում Սոնայի մայրիկը»:

«Քոնան» շուոի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը ներկայացնում է, թե ինչպես է Քոնանն իր արդեն 6 տարվա անձնական օգնականի՝ Սոնա Մովսեսյանի ընտանիքին հայտնում, որ ցանկանում է նրան իր հետ տանել Հայաստան: Այստեղ նրանք այցելում են մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրեր, լինում են հայկական շուկայում, որտեղ Քոնանը փորձում է վաճառողների հետ խոսել հայերեն՝ մեջբերելով այնպիսի արտահայտություններ, ինչպես «Ջիգյարդ ուտեմ», «Մեռնեմ ջանիդ» և այլն: Էրեբունի-Երևան տոնակատարությունների օրը ականտես է լինում կենտրոնում կազմակերպված մեքենաների ցուցադրությանը: Հայաստանի մյուս շրջաններ այցելության ժամանակ նա տեսնում է հայ հովիվների և զարմանում՝ ինչու նրանք ավանդական հովվի հագուստ չեն կրում: Փոխարենը դա անում է հենց ինքը՝ Քոնանը:

Նա նկարահանվում է հայկական «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի դրվագներից մեկում, ծանոթանում հայկական գորգերի հետ:

Քոնանի և Սոնայի՝ Հայաստան կատարած այցի ամենահուզիչ պահը Հայոց ցեղասպանության հուշամալիր այցելությունն է, որտեղ Սոնան իր ընտանիքի պատմությունը պատմելիս չի կարողանում զսպել արցունքները: Նա նշում է, որ իր ընտանիքը պատմական Հայաստանի Սեբաստիա նահանգից է: Սոնան ընդգծում է, որ կցանկանար այստեղ վերադառնալ իր ընկերների ու ընտանիքի հետ՝ հավելելով, որ ցանկության դեպքում Քոնանը ևս կարող է միանալ իրենց:

Քոնան Օ’Բրայենի «Քոնան» հեռուստաշոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումն ԱՄՆ-ում եթեր է հեռարձակվել նոյեմբերի 17-ին:

Հայերեն English Русский