2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին վերաբացվել է այցելուների համար, ընդ որում մինչեւ նոյեմբերի 18-ի գիշերն այն կլուսավորվի Ֆրանսիայի դրոշի գույներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է օբյեկտը շահագործող ընկերությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշտարակն այցելուների համար բացելու որոշումն ընդունվել է անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո: Այն բացվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 19:30-ին):
Վիճակագրության տվյալների համաձայն՝ ամեն օր Էյֆելյան աշտարակ է այցելում 15-20 հազար մարդ: Այն փակվել էր Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: