Հասարակական

Երևանցիները ծաղիկներով ու մոմերով ողողել են Ֆրանսիայի դեսպանատան մուտքը

2 րոպեի ընթերցում

Երևանցիները ծաղիկներով ու մոմերով ողողել են Ֆրանսիայի դեսպանատան մուտքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանցիները շարունակում են ծաղիկներ տանել և մոմեր վառել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև` ի հիշատակ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Երեկոյան, ի նշան համերաշխության, սկսվել է նաև ինքնաբուխ մոմավառություն: Մարդիկ բերում են ծաղիկներ, դեսպանատան պարսպին փակցնում են ցավակցական գրառումներ: «Սա այս դժվար պահին Ֆրանսիայի հետ համերաշխությունը հավաստելու հնարավորություն է: Անգամ հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա մենք զգում ու կիսում ենք մեր բարեկամ ժողովրդի ցավը»,- ասաց ուսանողուհի Լուսինե Զոհրաբյանը, ով Ֆրանսիայի դեսպանատուն էր եկել ընկերների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ի թղթակիցը, մարդկանց հոսքը դեպի Ֆրանսիայի դեսպանատուն չի դադարում:

Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակին անցկացված հիշատակի բազմամարդ հանրահավաք: Լուռ ակցիային մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով ծաղիկներ է խոնարհել հրապարակում:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հրապարակը ողողված է բազմաթիվ պաստառներով ու գրություններով, որոնք զորակցություն են հայտնում ֆրանսիացիներին: «Աղոթենք Փարիզի համար», «Ոչ ահաբեկչությանը», «Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք» հայերեն ու անգլերեն պաստառների կողքին երիտասարդները պարզել են նաև ՀՀ Նախագահի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հղված ցավակցական գրից մեջբերում` «Մեր աթողքներն ու սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են»:

Ֆրանսիայի հրապարակում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԺան-Ֆրանսուա Շարպանտիեն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հայաստանի երիտասարդական նվագախումբը հնչեցնում է Ֆրանսիայի ազգային հիմնը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում