ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից:Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ կմիանա բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում:
Այս դժվարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերն ու հոգիները»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: