Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են հանրային առողջության ոլորտում համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Վ. Ի. Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի մասնակցությամբ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովն ամփոփել է արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կարևորել են այն համգամանքը, որ Հայ-ռուսական առողջապահական համաժողովը երկրորդ անգամ մասնակիցներին հնարավորություն ընձեռեց մանրամասն քննարկել համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկու երկրի բնակչության առողջության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Լայնամասշտաբ միջոցառումը երկրորդ անգամ միավորել է գործընկեր երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուներին` այս անգամ շեշտադրելով հանրային առողջության, առողջ ապրելակերպի, մասնագիտական շարունակական զարգացման, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, բուժօգնության որակի, ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը:

Համաժողովի պլենար նիստերի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկել են առողջապահության ոլորտի մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում են մոր և մանկան առողջությունը, դեղերի շրջանառությունը, առողջապահական բարեփոխումները, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղիները, ֆինանսավորման մեխանիզմները, տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային առողջապահության ներդրումը: Անդրադարձ է կատարվել նաև ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, ինչպես նաև էկելտրոնային առողջապահությանը և հեռաբժշկությանը:

Համաժողովի ավարտին երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է հանրային առողջության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Մասնակիցներն ամփոփել են արդյունքները` մշակել համագործակցության հետագա ուղղությունները:

Հայերեն Русский