Տարածաշրջանային

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

3 րոպեի ընթերցում

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հայ պատգամավորների՝ Գարո Պայլանի (ԺԴԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ՀԺԿ) և Մարկար Եսայանի (ԱԶԿ) մուտքը թուրքական մեջլիս և մաղթել նրանց ամենայն բարիք իրենց դժվար աշխատանքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնախմբի անդամները ողջունել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրանցած արդյունքները:

«Չնայած կուսակցության անդամների և աջակիցների նկատմամբ բոլոր ահաբեկումներին, ճնշումներին, ձերբակալություններին ու անգամ մահվան ելքով հարձակումներին՝ նրանք կարողացան հաղթահարել 10 տոկոսի շեմը և ներկայացված լինել նոր ձևավորված խորհրդարանում 59 անդամով»,- նշվում է հայտարարության մեջ: Եվրոպայի հայ դատի հանձնախմբի անդամները հույս են հայտնել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհամագործակցի այնպիսի առաջադեմ քաղաքական ուժի հետ, ինչպիսին ԺԴԿ-ն է՝ ապահովելու բոլոր փոքրամասնությունների իրավունքները, ինչը մարդու հիմնարար իրավունքներից է: Հանձնախմբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա հատկապես անհրաժեշտ է Թուրքիային, եթե վերջինս ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

Թուրքական «Անատոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որոնց համաձայն, նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով, ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,48 տոկոսն ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաև արտերկրում քվեարկած քաղաքացիների քվեները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում