Տարածաշրջանային

Դեմիրթաշը ցեղասպանությունների վրա ժողովրդավար պետություն ունենալն անհնար է համարում

3 րոպեի ընթերցում

Դեմիրթաշը ցեղասպանությունների վրա ժողովրդավար պետություն ունենալն անհնար է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրնդերի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը Ստամբուլում հանդիպել է երկրում հայ, հույն, ասորի և հրեա համայնքների ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկա են եղել Հիմնադրամների գլխավոր վարչության Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը, «Ակոս»-ի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը և այլոք: Հանդիպմանը Դեմիրթաշին ուղեկցել է կուսակցության կողմից ընտրություններում առաջադրված հայ թեկնածու Գարո Պայլանը:

Լրագրողների համար փակ միջոցառմանը Դեմիրթաշն իր խոսքը սկսել է մարդու հիմնարար ազատությունները կարևորող ելույթով՝ ասելով. «Խոսքի, խոսքը տարածելու, իսկ ամենալայն իմաստով մտքի ազատությունը բոլոր իրավունքների և ազատությունների մայրն է: Այն ոտնահարելու դեպքում մյուս բոլոր իրավունքները պաշտպանելը դառնում է անհնարին»:

Նա կարևորել է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ այն առանցքային նշանակություն ունի երկրի քաղաքական նոր ուղղվածության որոշման հարցում: Դեմիրթաշն առանձնահատուկ կարևորել է Թուրքիայում տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների առկայությունը՝ ասելով, որ նրանք երկրի հարստությունն են:

«1923 թվականից Թուրքիայում նոր հասարակության և դրա հետ կապված նոր պետության կառուցումն ուղեկցվել է ամեն ոլորտում պատմությունն անտեսելով, դրա հետ առերեսվելուց խուսափելով, ավերակների վրա հոյակապ շինություն կառուցելով: Սակայն այդ ավերակներն այնքան մեծ են, որ չի ստացվում. հիմքերը փտած են: Ցավը, ցեղասպանությունները, կոտորածները, տանջանքները, աքսորները, ձուլումն անտեսելով հիասքանչ կառույցներ չեք կարող ստեղծել: Դրանց վրա մեծ ժողովրդավարություն չեք կարող կառուցել: 90 տարի է՝ պայքարում ենք այս մոտեցման դեմ: Առանց այս խնդրի լուծման ժողովրդավար հասարակություն դառնալ չենք կարող: Սա է խնդրի էությունը»,- ասել է Դեմիրթաշը:

Քրդամետ կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ երկրում քաոսային իրավիճակն ամենից շատ անհանգստություն է պատճառում հենց փոքրամասնություններին: «Պատմական հիշողությունն անընդհատ հիշեցնում է՝ մենք մշտապես քաոսի առաջին զոհերն ենք դառնում: Եթե շատերը երկիրը լքելու որոշմանն են հասել, ապա դա Հրանտ Դինքի ասած՝ աղավնու անհանգստության պատճառով է: Պետք է գործի անցնենք, որ մեր երեխաներն այս խնդիրները երբեք չունենան»,- հայտարարել է Դմեիրթաշը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում