ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որևէ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական հիմնավորումներից: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երրորդ միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման անքակտելի իրավունքի համար, իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում: Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց նախագահ Սարգսյանը;
ՀՀ նախագահը մանրամասնեց, որ 1918 թ. Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում` Ադրբեջան անունով: Այդ պատճառով խոսել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին մինչև 1918 թ. բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել: «Ազգերի Լիգան մերժեց նոր ձևավորված Ադրբեջանի` այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով: Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով: 1918-1920 թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրեցին հայկական բնակչության ջարդեր: Միայն 1920 թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց և արտաքսվեց: Այդ սարսափելի կոտորածը թողեց խոր և արնահոսող վերք: Պոետ Ի. Մանդելշտամը գրել է. «…Այնտեղ բոլոր կողմերից երևում են քառասուն հազար մահացած պատուհաններ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը փաստեց, որ 1920 թ. Ղարաբաղը,հակառակ իր ժողովրդի կամքին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի, այն է՝ կուսակցական մարմնի որոշմամբ, որը չուներ նման որոշումների ընդունման լիազորություն, ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում` ինքնավար մարզի կարգավիճակով: Ավելին` ինքնավար մարզում ընդգրկված չէր Ղարաբաղի ամբողջ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից: 1991թ. հոկտեմբերի 18-ի Անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց իրեն վերաբերող` Սովետական Միության գոյության ժամանակ ընդունված ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց և բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:
«Իսկ թե ինչ ճակատագիր էր սպասում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին, կարելի է հստակ պատկերացնել սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջևանի օրինակով, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով , որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն և հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում: Պետք է նշել, որ Լազարյանները ծագումով հենց Նախիջևանից էին:
Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետևելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղի հանրաքվեից հետո: Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձևավորվել են երկու անկախ և իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը»,- մանրամասնեց ՀՀ նախագահը:
Նա հիշեցրեց, որ 100 տարվա ընթացքում երկրորդ անգամ անկախ պետություն ստեղծելու հնարավորություն ստացած Ադրբեջանը կրկնեց 1918 թ. փորձը՝ սկսելով ագրեսիվ գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծելով խաղաղ քաղաքներ և գյուղեր, ջարդելով և արտաքսելով հայերին՝ հավելելով, որ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը հայերի ջարդը Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում որակել է որպես հայերի նոր ցեղասպանության կազմակերպման փորձ:
«Հանդիպելով ղարաբաղցիների հերոսական հակամարտությանը և ռազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք և ավելի շատ կորուստների սպառնալիքի ներքո Ադրբեջանը ստիպված եղավ սկսել ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հրադադարի համաձայնագրի կնքման նպատակով, անցկացվեցին ԼՂ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվեցին կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ համաձայնագրեր, ինչի արդյունքում 1994 թ. մայիսին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև անժամկետ հրադադարի եռակողմ համաձայնագիր: Նույն ձևաչափով 1995 թ. փետրվարին ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման հրամանագիր` ուղղված բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկու փաստաթղթերը գործում են առ այսօր, քանի որ անժամկետ են: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը առնվազն որպես հակամարտության կողմ: Ինչպես տեսնում ենք, երբ Բաքուն իրականում ցանկանում է որևէ արդյունքի հասնել ղարաբաղյան խնդրում, ապա անուղղակիորեն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի հետ և չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը բանակցային գործընթացում».- հավելեց նախագահը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձևաչափով, միակ կառույցի, որը դրա համար ունի միջազգային մանդատ: Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի:
Նախագահի խոսքով՝ այս գործողություններով Ադրբեջանը ոչ միայն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար միջազգային պարտավորությունները` ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը` ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում և այլ փաստաթղթերում, այլև խախտում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընդունած պարտավորությունները` լիովին արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների բազմաթիվ կոչերը:
«Իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի վրա, որոնք ընդունվել են 1993 թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ` միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձևերի էությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերի նպատակը, դրանց կարևորագույն պահանջը «ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձևում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը:
Հենց Ադրբեջանը խափանեց բոլոր չորս բանաձևերի իրականցումը` չկատարելով դրանց հիմնական պահանջները. անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձևի մյուս դրույթները և ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը: Մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին բանաձևերի ընդունումից մեկ տարի անց և ՄԱԿ-ի ԱԽ 4-րդ բանաձևի ընդունումից վեց ամիս հետո: Արդյոք կարելի՞ է դա անհետաձգելի համարել: Հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին, շրջափակումը, մշտական միջադեպերը, սադրանքները, դիվերսիաները, դիպուկահարների պատերազմը, հակահայկական քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը և այլ «թշնամական գործողությունները» առհասարակ չէին դադարում: Ավելին՝ 1993-1994 թթ. ձմռանը Ադրբեջանը նախաձեռնեց ամբողջ պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Եթե Ադրբեջանն ուզում էր, որ երեք կողմերը իրականացնեին ՄԱԿ-ի ԱԽ պահանջներն ու բանաձևերը, ապա ինչու՞ նա նման հարձակում իրականացրեց:
Ոչ մի բանաձևում Հայաստանը նշված չէ որպես հակամարտության կողմ: Մեր երկրին հասցեագրված կոչերում ասվում էր միայն «շարունակել ազդեցություն գործադրել» Լեռնային Ղարաբաղի հայերի վրա` հակամարտության ավարտի նպատակով, ինչը Հայաստանը լիովին իրականացրել է: Ավելին, բանաձևերում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր հակամարտության կողմ: Եվ բանաձևերում «ուղիղ շփումներ» հաստատելու կոչերի ներքո համապատասխանաբար հասկացվում էին շփումներ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններ վարելուց հրաժարվելը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում, սակայն` ոչ վերջինը: Այս ցուցակը կարելի է շարունակել:
Բանաձևը նաև պահանջում է «վերականգնել շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը»: Ինչպես արդեն նշել եմ, հակամարտության սկզբից Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շրջափակում: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ դա Բաքվի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նա նկատեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նաև կոչ է անում «ապահովել տարածաշրջանում, մասնավորապես` հակամարտությունում ներգրավված բոլոր շրջաններում մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել ապահովումը», սակայն Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:
Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ հենց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական պահանջները, այդուհանդերձ անամոթաբար հիմնվում են այդ բանաձևերի վրա, համատեքստից դուրս ընտրողաբար մեկնաբանում դրանց առանձին դրույթները: «Ես ուզում եմ ավարտել ելույթիս այս հատվածը` նորից հաստատելով Հայաստանի հավատարմությունը հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում»,- եզրափակեց նախագահը: