Երևանը Կովկասի Սիլիկոնյան հովիտն է. Թոնի Մորոյանի հարցազրույցը
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հրաշալի վայր է սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման համար. ընթացակարգերը շատ պարզ են, օրենսդրական դաշտն էլ` բարենպաստ: Բայց որպեսզի հարյուրավոր ստարտափերն ու կայացած ընկերությունները Հայաստանում լիարժեք գործեն, անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովել:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Հայաստանի առաջին տեխնոպարկի համահիմնադիր,«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմԹեք» համաժողովի հիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանի հետ:
-Կնշե՞ք մի քանի պատճառ, որ Հայաստանը գրավիչ է դարձնում տեխնոլոգիական ընկերությունների համար:
-Ընկերություններն այստեղ կարող են հաջողության հասնել: Իրականության մեջ Հայաստանը շատ բախտավոր է, որ 90-ականներին եղավ անկախացումը: Եթե 30-40-50 տարի առաջ լիներ, շատ ավելի ժամանակ պետք է անցներ, որ Հայաստանն առաջընթաց ապրեր: Այդ ժամանակ ինտերնետը, բջջայինը, աշխարհի հետ հեշտորեն կապ հաստատելը գոյություն չուներ: Հիմա դու կարող ես այստեղ ծրագրեր գրել, հավելված ստեղծել ու շատ արագ հաջողել ու միջազգային շուկա դուրս գալ, եթե գաղափարդ ու լուծումներդ լավն են: Շուկա դուրս գալն էլ է արդեն հեշտացել: Նախկինում մեծ դրամագլխի անհրաժշետություն կար համաշխարհային շուկա մուտք գործելու համար, հիմա դա էլ արդեն այդպես չէ:
Սակայն գաղափար հղանալն ավելի դյուրին է, քան ընկերությունը հաջողության տանելը: Եթե գաղափար ունես, դա դեռ չի նշանակում, որ հաջողված ընկերություն ես դառնալու: Բայց Հայաստանի պայմանները ստարտափերի համար լավն են:
Դրա համար էլ ընկերություններ սկսեցին ստեղծվել, ու շարունակվում է այդ գործընթացը: Կարևոր է, որ շատ ընկերություններ ստեղծվեն, յուրաքանչյուրի կորպորատիվ մշակույթը զարգացվի, որպեսզի ռազմավարական նպատակներ դնեն իրենց առջև:
-Հայաստանում ստարտափերի գործունեության համար նպաստավոր օրենսդրական դաշտ է առկա, բայց միևնույն ժամանակ կան տեխնոլոգիական ընկերություններ, որոնք գերադասում են այլ երկրներում գրանցվել: Ձեր կարծիքով` Հայաստանում օրենսդրական մակարդակում ի՞նչ բարեփոխումների կարիք կա:
-Կարևորներից մեկը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունն է: Հայաստանն այդ ուղղությամբ միջազգային համաձայնագրեր ստորագրել է, բայց կարևոր է, որ դրանք կիրառվեն, ՀՀ կառավորությունն էլ հսկի այդ գործընթացը: Հարյուրավոր ընկերությունների կողմից մտավոր սեփականություն է ստեղծվում Հայաստանում, եթե նրանք զգան, որ չեն կարող դա պաշտապանել, կթողնեն ու կգնան: Այստեղ դատարանները մեծ առաջխաղացում չունեն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերում: Սա նոր մասնագիտացում է թե փաստաբանների, թե դատավորների համար: Բայց եթե այդ պաշտպանությունը չլինի Հայաստանում, նաև բարձր տեխնոլոգիաների զարգացում չենք ունենա: Ընկերություն ստեղծելու տեսանկյունից Հայաստանի օրենքները բավականին լավ վիճակում են, շատ հեշտ գործընթաց է, բայց, ինչպես ասացի, մյուս օրենքներն էլ պիտի հստակ գործեն:
Սիլիկոնյան հովիտը ստեղծվեց ու զարգացավ, քանի որ յուրաքանչյուր հարցի ուշադրություն դարձվեց: Դրանից բացի` եթե որևէ մեկը ներդրում է կատարում, պետք է կարողանա պաշտպանել իր մտավոր սեփականությունն ու ներդրումը: Օրենքները պետք է կանխատեսելի լինեն, եթե մարդը ներդրում կատարի, պետք է համոզված լինի, որ 5 տարի հետո փոփոխություններ չեն լինի: Անհրաշետ են նաև հաջողությունների հասած ներդրումների օրինակներ:
-Որոշ մասնագետներ խոսում են Արարատի հովիտ ստեղծելու մասին, որքանո՞վ է դա հնարավոր:
-Մենք ասել ենք, որ Երևանը Կովկասի Սիլիկոնյան հովիտն է, այստեղ տարբեր ընկերություններ կարող են աճել, բայց դա կյանքի կոչելու համար անհրաժեշտ է շատ ջանք թափել: Սիլիկոնյան հովիտի ստեղծումն ԱՄՆ-ում 40-50 տարի տևեց:
-Կա՞ն խոշոր ընկերություններ, որ ցանկանում են գալ Հայաստան:
-Ամենակարևոր բանն այն է, որ փոքր ու մեծ ընկերությունների ներկայացվածությունը լինի հավասարակշռված: Մենք փոքր ընկերություններով ենք սկսել այստեղ ՏՏ ոլորտի զարգացումը: Եթե շատ մեծ ընկերություններ գան, աշխատավարձն արդեն այս ոլորտում բարձրացել է, ինչպե՞ս կարող են մրցակցել այլ երկրների հետ: Մարդկանց քանակը քիչ է, ամեն մի նախագծի վրա միլիոնավոր մարդկանց ներգրավվման մասին է խոսք գնում, այստեղ տարեկան 8-9 հազար մասնագետ է պատրաստվում: Դրա համար զգույշ է պետք լինել:
-Իսկ միգուցե աշխատանքային ներգա՞ղթ կազմակերպվի դեպի Հայաստան:
-Դա լավ հարցում է, եթե աշխատավարձերը բարձրանան, մարդիկ հետաքրքրված կլինեն Հայաստան հետ գալով: Բայց պետք է հավասակշռություն լինի նաև մյուս ոլորտներում:
-Վերջին տարիներին բավականին լավ հաջողություններ ունեն մեր ընկերությունները: Դա դրականորեն է ազդում նաև տեխնոլոգիական Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով: Այս մասին ի՞նչ կարծիքի եք:
-«Արմթեք» միջազգային համաժողովն իր հերթին նպաստեց, որ վենչուրային հիմնադրամները Հայաստանի մասին տեղեկանան: Երբ շատ ընկերություններ հաջողության հասնեն այստեղ, շատ լավ կլինի: Օրինակ, խոսելով PicsArt-ի մասին` կարող եմ ասել, որ Ամերիկա-Հայաստան կոմբինացիան շատ զորեղ է: Այս ընկերության բաժնետոմսերի մի մասը Հայաստանում է, մյուս մասը` ԱՄՆ-ում, դա օգնում է, որ վենչուրային հիմնադրամները գան ու ներդրում կատարեն: Վենչուրային հիմնադրամը չի գա ու ներդրում չի անի, եթե ընկերությունը զուտ հայկական է: Եթե ընկերությունը միջազգային է, ավելի արդյունավետ է:
Հայաստանում մասնագետները լավն են, դպրոցները ևս բարելավվում են: Երկիրը դարձել է միկրոսխեմաների նախագծման ասպարեզում տասը երկրներից մեկը:
Հայերը շատ ճկուն մտածելակերպ ունեն, նրանք տարբեր խնդիրների լուծումը կարող են գտնել, բայց հայերը միակ խելացի ժողովուրդը չեն: Մենք պետք է գիտենանք մեր կարողությունները, բայց երբեք չգերագնահատենք դրանք ու ռազմավարական ուղիներ մշակենք առաջ գնալու համար:
Հարցազրույցը` Անի Նազարյանի