Ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող ադրբեջանցիները լուրջ խնդիր են Իլհամ Ալիևի վարչակազմի համար
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական պետության և այլ զինյալ ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիայում և Իրաքում կռվող ադրբեջանցիները, առաջին հերթին, լուրջ խնդիր են Իլհամ Ալիևի վարչակազմի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Որոշ զարգացումների դեպքում բավական լուրջ խնդիրներ կարող են առաջանալ Ադրբեջանի համար, առավել ևս այս պահին, երբ այդ երկիրն իր նավթագազային եկամուտների անկման խնդրին է բախվում, երկրում մեծանում է սոցիալական լարվածությունը: Բնականաբար, իսլամիստական և այլ տրամադրությունները բավականին լուրջ խնդիր կարող են դառնալ իշխող վարչակազմի համար»,-ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ այդ խնդիրների առկայությունը չի անդրադառնա Արցախյան հիմնահարցում Ադրբեջանի քաղաքականության վրա: «Կասկածում եմ, քանի որ ամեն ինչ, որ կապված է Արցախյան հարցի ու հակահայկական հիտերիայի հետ, որը կազմակերպվում է գլխավորապես պետական մակարդակով, ադրբեջանական ռեժիմի լեգիտիմացիայի, կայունության կարևոր կետերից մեկն է»,-նշեց Սերգեյ Մինասյանը:
Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատեց, որ նավթագազային եկամուտների անկումն արդեն միջնաժամետ հեռանկարում կանդրադառնա Ադրբեջանի ռազմական հնարավորությունների վրա: Բացի այդ` նշյալ իրավիճակում թուլացող և անկայուն Ադրբեջանի քայլերը կարող են անկանխատեսելի դառնալ: «Եթե մինչ այս պահը մենք գործ ունեինք հարուստ կամ հարստացող երկրի հետ, որն իր ռեսուրսներով փորձում էր ազդել հայկական կողմերի վրա, փոխել ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական բալանսը, ազդել միջազգային հանրության վրա, ապա մոտակա տարիներին մենք կարող ենք ունենալ այլ խնդիր, երբ ոչ կայուն Ադրբեջանը կարող է անկանխատեսելի լինել Արցախյան հարցում նույնիսկ ռազմականգործողությունների վերսկսման առումով»,-ասաց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ դա կստեղծի մի իրավիճակ, երբ հայկական կողմերի զսպման քաղաքականությունն այլևս իր դերը չի խաղա: «Եթե մինչ այդ գործ ունեինք կենտրոնացված պետության հետ, որը հասկանում էր հնարավոր պատերազմի գինն ու պատկերացնում հնարավոր կորուստները, ապա ոչ կայուն ու ոչ կենտրոնացված պետության դեպքում հնարավոր է ռազմական վտանգները գան արդեն ավելի ցածր մարդկանց մակարդակից»,-ավելացրեց Սերգեյ Մինասյանը: