ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Արդեան» դիզայներական ստարտափի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադարանը, որը կրում է «Շունչ» խորագիրը, «Թումո» կենտրոնի դասընթացավար և «Արդեանի» ղեկավար Վազգեն Բրուտյանի նախագիծն է: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, այն ներշնչված է Գրիգոր Նարեկացու գործունեությամբ և պարունակում է հատվածներ նրաաշխատանքներից: Օգտագործվել են խոտաբույսեր, որոնց իր աշխատություններումանդրադարձել է 12-րդ դարի ականավոր բժիշկ Մխիթար Հերացին, ինչպես նաևյուրատիպ կավագործ իրեր, մետաքսե կտավներ:
Արտացոլելով«Արդեան» անվան խորհուրդը, որը գրաբարից թարգմանաբար նշանակում է «արդի», աշխատանքը մեկտեղում է պատմական հայ մշակույթը և դրա ժամանակակից ընկալումը:
Ինչպես «Թումո»-ի մյուս բոլոր ստարտափերի, այդպես էլ «Արդեանի» կազմի մեջ մտնում են կենտրոնի նախկին ուսանողները, ովքեր, հիմնվելով «Թումո»-ի կրթական ծրագրի վրա, ստեղծել են ինքնաֆինանսավորվող ձեռնարկություն:
«Արդեանը» զբաղվում է տեսողական և արտադրական դիզայնով, իսկ «Շունչ» ցուցահանդեսը խորհրդանշում է խմբի տեսողական լեզուն և դիզայներական մոտեցումը: Ցուցադրությունը ներկայացված կլինի «Կասկադ» համալիրի «Գաֆեսճեան կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում մինչև դեկտեմբերի 27-ը:
Լուսանկարը` «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից