Տարածաշրջանային

«Գազպրոմ»-ը մերժել է գազը «Երկնագույն հոսք»-ով մատակարարելու մասին Թուրքիայի պահանջը

2 րոպեի ընթերցում

«Գազպրոմ»-ը մերժել է գազը «Երկնագույն հոսք»-ով մատակարարելու մասին Թուրքիայի պահանջը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մերժել է թուրքական կողմի դիմումը՝ տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազը «Երկնագույն հոսքով» մատակարարելու վերաբերյալ և հայտնել, որ գազը կմատակարարվի «Թուրքական հոսք»-ի միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Դիտարկվում են տարբեր տարբերակներ: Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել: Սակայն պահանջվող 3 միլիարդ խորանարդ մետրից առնվազն երկուսը կմատակարարվեն «Թուրքական հոսքով»,-հայտնել է Միլլերը:

Ռուսական գազային հսկայի ղեկավարի այս հայտարարությունը վերջերս լարված ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին պատահական չէ: Ռուսական ռազմական ինքնաթիռի՝ Թուրքիայի օդային սահմանը սխալմամբ հատելուց հետո երկու երկրների հարաբերություններն այն աստիճանի են լարվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ սպառնացել է գազ չգնել Ռուսաստանից, իսկ Աքքույու ատոմային էլեկտրակայանի կառուցումը հանձնել մեկ այլ պետության:

«Թուրքական հոսք» գազատարի շինարարության մասին որոշումը կայացվել է 2014 թվականի դեկտեմբերին՝ կապված Թուրքիայում ռուսական գազի պահանջարկի մեծացման հետ: Ներկայում ռուսական գազը Թուրքիային մատակարարվում է ցամաքով և ծովային գազատարով՝ «Երկնագույն հոսքով»: «Գազպրոմ» ընկերության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը դեռևս կսահմանափակվի «Թուրքական հոսք»-ի երկու գծի շինարարությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում