Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը և Սվետլանա Նավասարդյանը կարևորում են «Կոմիտաս» փառատոնը

4 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանը և Սվետլանա Նավասարդյանը կարևորում են «Կոմիտաս» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը սքանչելի գաղափար է համարում «Կոմիտաս» փառատոնի անցկացումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց դաշնակահարուհին:

«Սքանչելի գաղափար է, բարի երթ փառատոնին: Ես էլ շատ ուրախ եմ, որ մասնակցելու պատիվ ունեմ»,- ընդգծեց Սվետլանա Նավասարդյանը:

Դաշնակահարուհին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վարդապետին նվիրված «Կոմիտաս» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 1-ին հանդես եկավ դաշնամուրային ստեղծագործությունների երեկոյին` կատարելով Կոմիտասի և նրա գործը շարունակող այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքով` փառատոնն ընթանում է այնպես, ինչպես նախատեսված է եղել: «Պետք է ունկնդիրը և մասնագետները տան իրենց գնահատականը փառատոնին: Հետաքրքրությունը մեծ է, ինչը շատ ուրախացնող է: Նշանակում է, որ Կոմիտասը և հայ կոմպոզիտորները հետաքրքրություն են վայելում»,- մեզ հետ զրույցում նշեց Մհեր Նավոյանը:

Ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եզակի արժեք է համարում «Կոմիտաս» փառատոնը:

«Այսօր մեր երաժշտական կյանքը, երևանյան աշունը շատ հագեցած է տարբեր հետաքրքիր ծրագրերով, նաև փառատոններով: Այս ամբողջի մեջ փառատոնը եզակի արժեք ունի, քանի որ ոչ միայն ներկայացնում է Կոմիտասին` իր երաժշտությամբ, այլ այն ճանապարհը, որ նա հարթել է հայ դասական երաժշտության բնագավառում: Շատ բարձր մակարդակով կազմակերպված ծրագիր է: Այսօր կա արվեստագետների մի փոքր թիվ, որոնց յուրաքանչյուր ելույթը մեր կյանքում իրադարձություն է: Սվետլանա Նավասարդյանի համերգն այդ իրադարձությունների թվին է դասվում»,-հավելեց սիրված կոմպոզիտորը:

Կոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ կներկայացվեն երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին` Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն` Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյան ղեկավարությամբ: Այն ներկայացրեց Կոմիտասի «Պատարագ»-ը:

Փառատոնի նախաձեռնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան) երգչախմբերը, «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: Բացի այդ, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում