Հայաստանից ու արտասահմանից 100-ից ավելի ընկերություն գործընկերներ են փնտրում և ճանաչելի դառնում «Արմենիա էքսպո 2015»-ում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 15-րդ անգամ անցկացվող «Արմենիա էքսպո» տարածաշրջանային առևտրա­արդյունաբերական ցուցահանդեսը Հայաստանում է համախմբել 100-ից ավելի ընկերությունների: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի նախագծի ղեկավար Քրիստինե Պողոսյանը, այս տարվա հիմնական առանձնահատկությունն առաջին անգամ մասնակցող ընկերությունների մեծ թիվն է: «Շատ ընկերություններ առաջին անգամ են ներկայանում էքսպոյին` կատարելով իրենց բրենդների շնորհանդեսը մեզ մոտ, և, իհարկե, ողջունելի է արտասահմանյան ընկերությունների հետաքրքրվածությունը ցուցահանդեսով: Մասնակիցների մոտ 70 տոկոսը հայկական կազմակերպություններ են` թե’ արտադրող, թե’ ներմուծող: Արտասահմանյան ընկերություններն էլ ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իրանը, Լիտվան, Լեհաստանը, Գերմանիան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Քրիստինե Պողոսյանը:

«Apricot» հուշանվերներ արտադրող ընկերությունը մեկն է ցուցահանդեսի այն մասնակիցներից, որն առաջին անգամ է մասնակցում: Ընկերությունը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող 12 անձ, մասնագիտացված է սառնարանի մագնիսների, հայ մեծերի նկարներով կախազարդերի, նարդիների, մեծ նկարների, փայտե քանդակների պատրաստմամբ: «Շուտով արծաթագործությամբ էլ կզբաղվենք, մոտ երկու ամսից ևս 10 հաշմանդամ աշխատանք կունենա այդ ոլորտում: Ընկերությունն արդեն երկու տարի գործում է Վանաձորում: Մինչ այդ էլ մոտ 6 ամիս մարդկանց սովորեցրել ենք այս ամենը պատրաստել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը:

Նրա խոսքով` ակնկալում են, որ էքսպոյի միջոցով մարդիկ կճանաչեն իրենց բրենդը: Բացի այդ` իրենք ունեն առաջարկ խոշոր ընկերություններին.կարող են ընկերությունների լոգոների տեսքով սառնարանի մագնիսներ պատրաստել, որը գովազդի արդյունավետ տարբերակներից է:

Իրանական «Almas Kavir Jonoob» ընկերությունը «Արմենիա էքսպո 2015»-ին մասնակցում է պիստակի ներկրմամբ հետաքրքրվող կազմակերպություններ գտնելու և հայկական շուկայում հայտնվելու համար: Հայկական շուկան էլ նրանց համար գրավիչ է: «Հայաստանը մեզ հարևան է, ավելի հարազատ երկիր է, ուզում ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ, քան այլ երկրների հետ»,-նշեց ընկերության ներկայացուցիչը:

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 2010 թվականին հիմնադրված «Թության» ընկերությունն էլ ցուցահանդեսին ներկայացել է սառը մամլման եղանակով չզտված ձիթայուղերի արտադրանքով: Ընկերության ֆերմերների խմբի անդամ Սամվել Հունանյանի տեղեկացմամբ` կտավատի, ծիրանի, դեղձի, խաղողի կորիզներից, մեխակից, քունջութից, հլածուկից, արևածաղկից ստացվող ձիթայուղերը, լինելով բնական ու օգտակար հատկություններով օժտված, օգտագործվում են կենցաղում որոշ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ժողովրդական բժշկության մեջ` բուժման նպատակով:

Սամվել Հունանյանի խոսքով` փորձում են դուրս գալ Ռուսաստանի, Ֆրասնիայի, Գերմանիայի շուկաներ, ներկայում ընթանում են բանակցություններ: «Նրանց հիմնականում ծիրանի կորիզի յուղն է հետաքրքրում: Էքսպոյի ժամանակ մեզ մոտեցել են Ռուսաստանից, Ղազախստանից գործարարներ, ովքեր հետաքրքրվեցին մեր արտադրանքով, կոնտակտներով ու ապրանքներով փոխանակվեցինք»,-ասաց Սամվել Հունանյանը:

Լինելով ունիվերսալ ցուցահանդես՝ «Արմենիա էքսպո 2015»-ն ընդգրկում է էկոնոմիկայի գրեթե բոլոր ոլորտները և հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն գործող կազմակերպություն­ների և ապրան­քանիշերի մասին, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալ արդյունա­բերա­կան արտադրու­թյան ոլորտի վերջին զարգա­ցում­ներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

15-րդ ամենամյա, տարածաշրջանային, ունիվերսալ առևտրա­արդյունաբերական ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի Արդյունաբերողների և Գոր­ծա­րար­ների (Գոր­ծատուների) միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերութ­յան հետ համատեղ:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA