Շուշիի շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կենտրոնում մեկնարկել է ուսումնական տարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Շուշի քաղաքում սեպտեմբերի 19-ին պաշտոնապես կբացվի Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի Ֆրանսիայից ժամանած պատվիրակություն, որի կազմում են Եզնիկ Մոզյանի ընտանիքի անդամները, նահանգների և քաղաքային իշխանությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայկական միությունների ներկայացուցիչներ`Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ: Հիմնադրամի գործադիր վարչությունը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Կրթօջախը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ և Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:
450 ուսանողի համար նախատեսված ուսումնարանը, որը սեպտեմբերին մեկնարկել է իր առաջին ուսումնական տարին, շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում: