Պատմության բեռը մեր ուսերին է դրված և մղձավանջի նման հետապնդում է մեզ. Թաներ Աքչամ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման երեկոյի ժամանակ ելույթ է ունեցել` անդրադառնալով սեփական պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Աքչամը նշել է, որ պատմության հետ առերեսումը նախ և առաջ կարևոր է սպանված ու ոչնչացված մարդկանց պատվելու տեսանկյունից:

«Կոտորածն ու ոչնչացումն ի չիք են դարձնում հասարակության արդարությունն ու խիղճը: Արդարությունը վերականգնելու համար անհրաժեշտ է առերեսվել անցյալին և փոխհատուցել անարդարության ենթարկված հատվածների կրած վնասները: Եթե ցանկանում եք այսօր կառուցել մի հասարակություն, որը հիմնված է մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հավասարության և արդարության վրա, ապա անցյալում մարդու իրավունքների խախտումների հետ առերեսումը կարևոր պայման է»,- նշել է Աքչամը: Թուրք պատմաբանը հավելել է, որ հասարակությունները, որոնք բախվել են իրար, կկարողանան խաղաղության մեջ ապրել միայն անցյալում եղած խնդիրների մասին խոսելուց և առկա խնդիրները լուծելուց հետո:

«Եթե հերքենք պատմության մեջ տեղի ունեցած դեպքերը, ապա կնշանակի, որ կա նույն հանցագործությունը կրկնելու հավանականություն: Անգամ եթե դուք չեք առերեսվում պատմությանը և խուսափում եք նրանից, միևնույնն է, այն ձեզ կհետապնդի: Ուրվականի պես կգա ձեր հետևից և հանգիստ չի թողնի: Պատմության բեռը մեր ուսերին է դրված և մղձավանջի նման հետապնդում է մեզ»,- ընդգծել է նա:

Թուրք պատմաբանն իր ելույթում նշել է, որ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրության մասնատման և ազգ-պետության ստեղծման ընթացքում այդ հողերը վերածվել են արյան լճի: «Այսօր պետությունը գովացողները շատ արագ մոռացան, որ դրա սահմանները միլիոնավոր մարդկանց արյամբ են գծվել»,- ասել է Աքչամը:

Նա մեջբերել է 2005 թվականին Դիարբեքիրում Հրանտ Դինքի ելույթից մի հատված, որտեղ «Ակոս»-ի նախկին խմբագրապետը, դիմելով քրդերին, ասել էր. «Լավ ուսումնասիրեք, թե մեր գլխով ինչ է եկել, դաս քաղեք մեր հետ տեղի ունեցածից»: «Շատերը եղան, որ բարկացան, մեղադրեցին նրան: Սակայն Հրանտը շատ իրավացի էր: Նրա ասածն այն է, որ այս աշխարհագրությունում էթնիկ հիմքի վրա քաղաքական լուծումները մեծ ողբերգություններ ու ավիրածություններ են առաջացրել և առաջացնելու: Այդ էր պատճառը, որ Թուրքիայի ժողովրդավարացումը, ժողովրդավարական հիմքերի վրա նորից երկիր կառուցելը նրա ամենամեծ երազանքն էր: Հրանտը հենց այս երազանքի պատճառով սպանվեց: Ավելի ճիշտ, սպանվեց նման երազանք ունեցող հայ լինելու պատճառով:

Կամ Հրանտ Դինքը, ինչպես Մարտին Լյութեր Քինգը Աերիկայի ժողովուրդների համար, կապրի որպես քաղաքացիական իրավունքների առաջնորդ, և մենք այս հողերում նրա երազանքը կյանքի կկոչենք, կամ էլ այս աշխարհագրությունում ավելի շատ արյունահեղության վկան կդառնանք»,- եզրափակել է թուրք պատմաբանը:

Հայերեն العربية Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան